31/05/2019 12:11
Կառավարությունը 1.5 ամսվա ընթացքում պետք է ներկայացնի «Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցների խնդրի լուծման տարբերակներ
Կառավարությունում այսօր քննարկում է տեղի ունեցել «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և Տիգրան Ավինյանի խորհրդական Վարագ Սիսեռյանի միջև։
«Ներկայացրել ենք մեր առաջարկները, եկանք հետևյալ եզրահանգմանը, որ կառավարությունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է ներկայացնի խնդրի լուծման տարբերակներ, այդ թվում՝ մեր կողմից ներկայացված առաջարկի վերաբերյալ դիրքորոշում», - քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց շինարարական կազմակերպությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանը։
Նա նշեց, որ կառավարությունը բանակցություններ է վարում «Կորսիան Կորվիամ» ընկերության հետ՝ խնդրի ընդհանուր կամ համապարփակ լուծման համար։
«Եթե կառավարությունն ունի պարտավորությունների վերաբերյալ խնդիրներ կամ հարցեր «Կորսան Կորվիամ»-ի հետ, մենք առաջարկեցինք, որ մեզ փորձեն տարանջատել այդ խնդիրների մեջ ներգրավվելուց, գտնեն միջոցներ, որպեսզի կառավարությունն ուղղակի կամ անուղղակի կատարի վճարումները շինարարությունն իրականացնող կազմակերպություններին», - ասաց Արմեն Սաքապետոյանը։
Նշված մեկուկես ամսվա ընթացքում բողոքի ակցիաները կդադարեցվեն, իսկ եթե չլինի ցանկալի լուծում, դրանք կշարունակվեն։
«Այս պահին ունեցանք կառուցողական քննարկում»,- նշեց իրավաբանը։
Հիշեցնենք՝ նախօրեին «Հյուսիս-հարավ»-ի աշխատակիցները փակել էին ճանապարհի Ուջան գյուղի հատվածը՝ պահանջելով հանդիպում կառավարության անդամների հետ։
Աշխատակիցները պահանջում են, որպեսզի վճարեն ամիսներ շարունակ չվճարած իրենց աշխատավարձը։