31/05/2019 14:47
Ղարաբաղյան բանակցություններում պետք է շատ զգուշավոր քայլերով առաջ գնանք՝ շարունակելով պնդել խաղաղության մեր օրակարգը. «Իմ քայլի» պատգամավոր
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ ընթացող բանակցություններում շտապողականությունը չի բխում Հայաստանի շահերից:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են հումանիտար միջոցառումների առաջարկների փաթեթ, որը կքննարկվի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման ընթացքում.
«Ես կարծում եմ, որ շտապողականությունn այս գործընթացում չի բխում Հայաստանի շահերից, որովհետև մենք կարող ենք բազմաթիվ առաջարկներ անել խաղաղության օրակարգի շուրջ, բայց նաև պետք է հասկանանք, թե այդ առաջարկներն ինչ ազդեցություն են ունենում Ադրբեջանում, որովհետև այս հակամարտությունը միակողմանի չէ, այնպես չէ, որ միայն Հայաստան-Արցախ կողմերն են ներգրաված այս գործընթացում: Այստեղ կա նաև Ադրբեջանի գործոնը, և Մխիթարյանի շուրջ ստեղծված աղմուկը փաստում է, որ այդ հարցում լուրջ, լուրջ անելիքներ կան: Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ ավելի զգուշավոր քայլերով առաջ գնանք՝ շարունակելով պնդել մեր օրակարգը, որպեսզի գործընթացը չտուժի ու այնպես չստացվի, թե միայն Հայաստանը պետք է շահագրգռված լինի հարցի խաղաղ լուծման մեջ», - ասաց պատգամավորը:
Իշխանական պատգամավորի խոսքով, հիմնախնդրի խաղաղ լուծումն անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ադրբեջանին, սակայն այդ երկրի առաջին դեմքերի վարքագիծը չի խոսում դրա մասին:
Հումանիտար միջոցառումների շրջանակներում մատնանշվում են օրինակ՝ լրագրողական այցերը Արցախ, Հայաստան, սակայն, Հայրապետյանի փոխանցմամբ, ադրբեջանական կողմն ընդդիմանում է, ինչը կասկածի տակ է դնում այդ երկրի պաշտոնյաների հայտարարությունները՝ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Բացի այդ, հումանիտար միջոցառումների շրջանակում հնարավոր են նաև ռազմագերիների ծնողների, հարազատների փոխայցելություններ, ինչն, ըստ պատգամավորի կարող է առողջացնել ընդհանուր մթնոլորտը:
«Խաղաղությունը պետք է լինի նաև Ադրբեջանի միակ հնարավոր տարբերակը հիմնախնդրի լուծմանը հասնելու համար: Պետք է աշխատել այդ ուղղությամբ և հասկանալ՝ որքանով է այդ երկիրը պատրաստ գնալ հումանիտար ճանապարհով տարբեր միջոցառումների: Ես տարիներով ուսումնասիրել եմ Ադրբեջանից հնչող կոչերն, այդ երկրում կատարվողը և կարծում եմ՝ երկար ժամանակ է պահանջվում փոխվստահության հասնելու համար», - նկատեց պատգամավորը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը պնդում է, որ Հայաստանի նոր իշխանությունները հաջորդ առաջարկությունը՝ եռակողմ ձևաչափի մասին, ուժի մեջ է:
«Մինչև Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, իսկապես, որևէ լուծում չի աշխատելու: Դա ևս շատ կարևոր է: Դրանից հետո կխոսվի արդեն լուծման տարբերակների մասին, այն տարբերակների, որոնք ընդունելի կլինեն Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, երբ հասարակությունների ներսից գա այդ պահանջը, որ մենք չենք ցանկանում ռազմական լուծում, այլ՝ խաղաղ, նաև ուզում ենք բոլոր կողմերով քննարկել այդ լուծումը, ապա դա ինքնին կհայտնվի և կդառնա ընկալելի: Բայց այդ լուծումը կարող է հայտնվել տասը, քսան տարի հետո և ոչ թե մեկ կամ երկու ամսվա մեջ», - նշեց Տաթև Հայրապետյանը:
Դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը համառում ու ընդդիմանում է եռակողմ ձևաչափի վերականգնման մասին հայկական կողմի պնդումներին, Հայրապետյանն արձագանքեց.
«Եթե այդ դրույթը ծանրակշիռ չլիներ, այդքան ջանք չէին թափի այն կանխելու համար: Դա հենց փաստում է, որ մեր բերած փաստարկներն որոշակի ազդեցություն են ունենում, հակառակ դեպքում՝ նրանք ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարություններ չէին անի»: