31/05/2019 16:27
Մել Դալուզյանը հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր. Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։
«Դեսպանության տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն, նա հիվանդանոցում կանցկացնի ևս մի քանի օր», - ասված է դեսպանության հաղորդագրությունում։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Մել Դալուզյանը, որն առավել հայտնի էր Մելինե Դալուզյան անունով, Ամստերդամում դանակահարվել է։
Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մինասյանը, որը նույնպես Ամստերդամում է, գրառում էր կատարել՝ նշելով.
«Երկու դիմակավորված անձ, զինված դանակով, Ամստերդամի կենտրոնում փորձել են թալանել «Albert Heijn» սուպերմարկետը՝ սպառնալով աշխատողին։
Մել Դալուզյանն այդ պահին գնումներ էր կատարում, և տեսնելով տեղի ունեցողը՝ աշխատողին օգնության է հասել, տապալել գողերին։
Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր և ձերբակալել նրանց։ Ցավոք, մինչ ոստիկանությունը տեղ կհասներ, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել Մելին կրծքավանդակի ու մեջքի շրջանում։
Այնուամենայնիվ, Մելն անգամ վիրավոր վիճակում թույլ չի տվել նրանց փախչել։ Հոլանդական ԶԼՄ-ները հերոսական են որակում նրա արարքը»։