03/06/2019 13:30
Մենք չենք կարող Միացյալ Նահանգներից միայն օգնություն ստանալ. Սուրեն Սարգսյան
Դժվար է պատկերացնել, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել Միացյալ Նահնագներին, որովհետև ԱՄՆ-ի ներկայիս պրագմատիկ նախագահը բիզնես-մտածլակերպ ունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ ՀՀ վարչապետ ընտրվելուց ի վեր՝ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահից պաշտոնական հրավեր առայժմ չի ստացել, մինչդեռ ընտրություններից կարճ ժամանակ անց՝ Դոնալդ Թրամփը Վաշինգթոն է հրավիրել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Նրա խոսքով՝ Ուկրաինան Միացյալ Նահանգների համար առաջնային նշանակություն ունեցող պետություն է, որովհետև դիտարկվում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։
«Այս առումով զարմանալի չէ, որ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել է Վաշինգթոն՝ հանդիպելու Դոնալդ Թրամփին։ Իհարկե, զարմանալի ոչինչ չկա,և կարծում եմ, որ միանշանակ էր՝ Զելենսկու օտարերկրա առաջին այցերից մեկը պետք է կայանար ԱՄՆ», - ասաց քաղաքագետը։
Սուրեն Սարգսյանը միաժամանակ շեշտեց, որ Հայաստանը պետք է ինչ-որ բան առաջարկի ԱՄՆ նախագահին, որի դիմաց էլ նա մեզ ինչ-որ բան կտա։
«Մենք չենք կարող Միացյալ Նահանգներից միայն օգնություն ստանալ։ Հարց է, սակայն, թե ինչ կարող ենք առաջարկել ամերիկացի մեր գործընկերներին։ Ճիշտն ասած՝ մի փոքր դժվարանում եմ պատկերացնել»,- ասաց մեր զրուցակիցը։