03/06/2019 11:56
Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, մերժել է քննիչի միջնորդությունը՝ «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։
«Վարչապետի կոչից հետո Հայաստանում սկսում է ձևավորվել դեռ անհատ անկախ դատավորների համայնք, ինչն իր հերթին բերելու է մեծամասամբ անկախ դատական համակարգի կայացմանը։ Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։
Հիշեցնեմ, որ նույն դատարանի չագուչով ու պատմուճանով և իրեն դատավոր պատկերացնող Արտուշ Գաբրիելյանը նույն միջնորդությունը, նույն հիմքերով, կեղծիքների միջոցով առանց պաշտպանի ներկայության դեռևս 30.12.2018թ-ին բավարարել էր..
Հ.Գ. Քիչ անց ՀՔԾ-ում N1 է լինելու, կալանավորման վերացական նոր հիմք է հորինվելու ու կրկին են փորձելու...», - Facebook-յան իր էջում գրել է Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Վահագն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը»։ Հետագայում մեղադրանքը լրացվել էր Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ևս՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»: