03/06/2019 20:03
Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հետևանքներ կունենա
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը բացասական հետևանքներ կունենա Վաշինգտոնի համար: Այս կարծիքը նա հայտնել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Եթե Միացյալ Նահանգները որոշել է այսքան ցավ պատճառել իրանական ժողովրդին՝ տնտեսական պատերազմ սկսելով, տնտեսական ահաբեկչություն սանձազերծելով Իրանի դեմ, ապա հետևանքներ կլինեն», - ասել է Զարիֆը:
«Մենք տարբերություն չենք տեսնում տնտեսական պատերազմի և իրական ռազմական գործողությունների միջև», - ընդգծել է նա:
«Մենք պարզորոշ հասկանում ենք, որ պատերազմում հաղթողներ չեն լինում: Պատերազմում տանուլ են տալիս բոլորը, բայց ոմանք ավելի շատ են կորցնում, իսկ ոմանք՝ ավելի քիչ», - նշել է Իրանի ԱԳ նախարարը:
«Ինչպես ես ավելի վաղ էլ էի ասում, Իրանի դեմ սպառնալիքները չեն աշխատում։ Երբեք մի սպառնացեք Իրանին: Փորձեք հարգանքը, դա կարող է աշխատել», - ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։