03/06/2019 16:56
Հայաստանում փող ընդունելու որևէ խոչընդոտ չկա. ԿԲ նախագահը՝ Ղազախստանից և ՌԴ-ից փոխանցումների խնդիրների մասին (Տեսանյութ)
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր Ազգային ժողովում չհերքեց տեղեկությունը, որ Ռուսաստանից և Ղազախստանից բանկային փոխանցումների խոչընդոտ է առաջացել:
«Մենք ստուգել ենք այդ տեղեկատվությունը… Դա ընդամենը կախված է իրենց բանկային համակարգից: Խնդրել ենք մեր գործընկերներին, եթե նման դեպքեր լինեն, մեզ տեղեկացնեն: Խնդրում եմ նաև այն քաղաքացիներին, որոնք դիմում են ձեզ, առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին և դրանից հետո, եթե լինի խնդիր… Ակնհայտ է, որ որևէ խոչընդոտ Հայաստանի Հանրապետությունում փող ընդունելու վերաբերյալ չկա», - ասաց Ջավադյանը:
Հարցին՝ չի՞ փորձել ԿԲ-ն պարզել՝ ի՞նչն է խնդիրը, Ջավադյանը պատասխանեց.
«Ինչքանով մենք ենք պարզել, նման խնդիր, խոչընդոտ չկա: Հնարավոր է՝ փողերի լվացման խնդիրներ լինեն և այդ երկրներում ուղղակի գումարները չթողնեն»:
ԿԲ նախագահի համար տարօրինակ է՝ ինչպե՞ս են եվրոպական երկրներից գումարներ փոխանցում, բայց Ռուսաստանից ու Ղազախստանից՝ ոչ: Նաև տեղեկացրեց, որ խոսել է ռուսաստանցի իր գործընկերոջ հետ և տեղեկացել, որ նման խնդիր չկա:
Հարցին՝ հնարավո՞ր է այս խնդիրը պայմանավորված լինի ՀՀ վարչապետի՝ Ղազախստան կատարած այցով, քանի որ այդ խնդիրն առաջացավ նրա այցից հետո, ԿԲ նախագահը բացասական պատասխան տվեց՝ ավելացնելով.
«Դա որևէ կապ չունի ո՛չ վարչապետի այցի հետ, ո՛չ էլ Ռուսաստանի հետ: Իմ կարծիքով, հնարավոր է՝ լինեն տեխնիկական խնդիրներ կապված շուկայի ներքին զարգացման հետ»: