04/06/2019 13:14
Նոր ավիափոխադրողը հունիսի 15-ից կսկսի Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր չվերթների իրականացումը
Հայաստանյան շուկա է մուտք գործում նոր ավիափոխադրող՝ «Արմենիան էյրուեյզը», որը հունիսի 15-ից սկսելու է Երևան-Թեհրան-Երևան կանոնավոր չվերթների իրականացումը։
Ինչպես Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ավիաընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը, սկզբնական շրջանում չվերթներն իրականացվելու են շաբաթական 3 անգամ, իսկ արդեն հունիսի 24-ից՝ ամեն օր։
«Տոմսերի վաճառքն արդեն իսկ մեկնարկել է, բազմաթիվ հետաքրքրվողներ կան, գնորդներ՝ ևս։ Չվերթներն առայժմ իրականացվելու են 112 տեղանոց «BAe 146-300» մոդելի մեկ ինքնաթիռով։ Երկրորդ ինքնաթիռը շուտով կստանանք», - ասաց մեր զրուցակիցն՝ ավելացնելով, որ երկրորդ ինքնաթիռը նախատեսում են շահագործել մոտ ուղղություններով՝ դեպի ՌԴ քաղաքաներ՝ Սոչի, Կրասնոդար, Մինվոդի, ինչպես նաև՝ Թավրիզ և այլն։
«Արմենիան էյրուեյզ» ընկերության տնօրենը նաև տեղեկացրեց, որ դեպի Թեհրան միակողմանի տոմսերի արժեքը կսկսվի 69 հազար, երկկողմանի տոմսերինը՝ 102 հազար 800 դրամից։ Երևան-Թեհրան չվերթի տևողությունը 1.5 ժամ է։
Ինչ վերաբերում է ինքնաթիռների անվտանգությանը և տեխնիկական ընդհանուր վիճակին, Առլեն Դավուդյանը հավաստիացրեց՝ դրանք լիովին անվտանգ են, ունեն շահագործման պիտանելիությունը հավաստող անհրաժեշտ հավաստագրերը։
Հարցին՝ արդյոք իրանական կողմի հետ աշխատանքների մեկնարկին խոչընդոտների հանդիպե՞լ է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ իրանական կապիտալով աշխատող ընկերություններն ամբողջ աշխարհում ենթարկվում են պատժամիջոցների, «Արմենիան էյրուեյզ» ընկերության տնօրենը բացասական պատասխան տվեց։
«Ավիաընկերությունների թռիչքներն Իրանում արգելված չեն։ Մեր վրա սանկցիաներ չեն տարածվում։ Որևէ զգուշացում կամ պատժամիջոց մեր նկատմամբ չի եղել, սահմանափակումներ չկան։ Հետո չգիտեմ՝ ինչ կլինի», - կատակելով ավելացրեց Առլեն Դավուդյանը։