04/06/2019 19:01
«Samsung Electronics»-ն ուսումնասիրում է 6G-ն
«Samsung Electronics» ընկերությունը Սեուլի իր գիտական կենտրոնում սկսել է վեցերորդ սերնդի տեխնոլոգիաների (6G) բնագավառի ուսումնասիրությունները, հայտնել է «Yonhap» գործակալությունը:
«Մենք ընդլայնել ենք մեր մասնագետների թիմը, որը զբաղվում է հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ստանդարտների մշակմամբ: Նրանք սկսել են 6G-ի բնագավառի հետազոտությունները», - ասել է կորպորացիայի ներկայացուցիչը։
Գործակալությունը նշում է, որ «Samsung Electronics»-ի հետազոտական խումբը 6G տեխնոլոգիաներին զուգահեռ արհեստական ինտելեկտի և ռոբոտների ստեղծման աշխատանքներ է իրականացելու:
Ապրիլի 4-ին Կորեայի Հանրապետությունը դարձել է առաջին երկիրը, որը սկսել է հինգերորդ սերնդի շարժական կապի առևտրային շահագործումը:
Տվյալների փոխանցման արագությունը ռեկորդային է։ Այն վայրկյանում հասնում է 25 ԳԲ-ի: Այս ցուցանիշները թույլ են տալիս առցանց ռեժիմով տեսանյութեր հեռարձակել 8K (Ultra HD) չափով:
Սպասվում է, որ 6G ստանդարտը հինգերորդ սերնդի կապին փոխարինելու կգա 2025 թվականից ոչ շուտ: