04/06/2019 14:41
Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան
Մանվել Գրիգորյանն ինտենսիվ բուժում էր ստանում Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններից մեկում, սակայն չգիտես ինչու, Քրեակատարողական հիմնարկը որոշեց, որ իր մոտ ևս կան բոլոր հարմարությունները, և Գրիգորյանը կարող է բուժումը շարունակել Դատապարտյալների հիվանդանոցում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում ստանալ, պետությունն ուղղակի պոզիտիվ պարտականություն ունի դա թույլատրելու։ Երեկ անձը ստանում էր հերթական բուժումը, երբ քրեակատարողական հիմնարկի կողմից գալիս են և նրան տեղափոխում են։ Այդ ընթացքում իրենց ապահովագրելով՝ տալիս են բժշկական էպիկրիզ։ Մանվել Գրիգորյանին տեղափոխում են Երևանի կենտրոն քրեակատորաղական հիմնարկ։ Այնտեղ 2-3 ժամ պահելուց հետո, ըստ էության հասկանալով, որ ստացիոնար պայմաններ չկան, առանց վերջինիս համաձայնության՝ հարկադիր տանում են Դատապարտյալների հիվանդանոց», - երեկվա իրադարձությունները ներկայացրեց փաստաբանը։
Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը գիշերը 4-5 ժամ ցանկացել է տեսակցել նրան, բայց չի կարողացել։
Միայն առավոտյան ժամը 4-5-ի կողմերը մեզ հնարավորություն տրվեց տեսնելու մեր պաշտպանյալին, ով կրկին ասաց, որ հրաժարվում է Դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալուց։
Այսօր անօրինական կարգով վերջինս պահվում է Դատապարտյալների հիվանդանոցում։ Սա ուղղակի տոտալ խոշտանգման տիպիկ օրինակ է, Մանվել Գրիգրյանի կյանքին վտանգ է սպառնում։ Պե՞տք է սպասենք, որպեսզի անձը մահանա, որ հետո փորձենք մեղավորներ ման գալ», - նշեց բանախոսըն՝ ավելացնելով, որ քրեական գործը «կարվել է» Մանվել Գրիգորյանի վրա։