04/06/2019 10:26
Շարունակելու ենք աջակցել Հայաստանի տնտեսությանն ու զարգացնել «Զվարթնոց» օդանավակայանը. Մարտին Էռնեկյան
Շատ ուրախ ենք, որ այս տարի «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարությունը Հայաստանում է, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին» լրագրողների հետ զրույցում ասաց «Օդանավակայանների միջազգային խորհրդի» (ACI) ղեկավար մարմնի նախագահ Մարտին Էռնեկյանը:
«Այս անգամ առիթը հատուկ է, որովհետև այն տեղի է ունենում Հայաստանում։ Սա ոչ միայն հնարավորություն է, որը թույլ է տալիս մեր աշխատակիցներին տարբեր երկրներից հավաքվել ու աշխատել մի վայրում, այլև նրա համար, որ հասկանան, թե Հայաստանն ինչքան կարևոր է մեզ ու մեր թիմի համար», - նշեց նա։
Մարտին Էռնեկյանն ասաց, որ ուզում է շնորհակալություն հայտնել Հայաստանին հյուրընկալելու համար։
«Վստահ ենք, որ վայելելու ենք այս երկիրն ու այս երկրի հրաշալի մշակույթը», - ասաց նա։
Էռնեկյանը նշեց՝ իրենք հաջողել են, որովհետև Հայաստանում մեծ զարգացումներ են արձանագրել ու կարծում է, որ շարունակելու են աջակցել երկրի տնտեսությանն ու զարգացնելու են «Զվարթնոց» օդանավակայանը։
«Վերանայելու ենք մեր մյուս նախագծերը, որ ունենք Հայաստանում ու նոր նախագծեր ենք ձեռնրակելու», - ասաց Մարտին Էռնեկյանը։
Հարցին՝ ի՞նչ խնդիրների են հանդիպում, ի՞նչ կոչ կաներ Հայաստանի կառավարությանը, նա պատասխանեց.
«Ես չէի ասի, որ մենք մեծ խնդիրների ենք հանդիպում այստեղ, շատ ուրախ ենք , որ նոր կառավարության հետ շատ ամուր համագործակցություն ունենք և նոր կառավարության հետ աշխատելու ենք , որպեսզի սահմանենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները»։
Մարտին Էռնեկյանն ընդգծեց՝ իրենք տեղյակ են «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի կարևորության, մշակութային առանձնահատկությունների մասին։
«Մենք աշխատելու ենք, որպեսզի հնարավորություններ ստեղծվի դա պահպանելու համար», - վստահեցրեց նա։
Խոսելով «Շիրակ» օդանավակայանի մասին՝ Էռնեկյանն ասաց, որ համագործակցում են օդանավակայանի ճարտարապետների հետ ու արդեն գրեթե պատրաստ են սկսել վերանորոգման աշխատանքները։
Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարարության շենքին՝ Մարտին Էռնեկյանը նշեց, որ իրենք աշխատում են նաև այդ ուղղությամբ ու ցանկանում են ստեղծել այնպիսի նախագիծ, որը լավ կլինի ոչ միայն բիզնեսի, այլև արժեք կներկայացնի քաղաքի համար։
Անդրադառնալով Կապանի օդանավակայանի մասին հարցին, Մարտին Էռնեկյանը նշեց, որ ներկայում իրենք կենտրոնացած են «Շիրակ» ու «Զվարթնոց» օդանավակայանների վրա։