04/06/2019 10:38
Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված Հայաստանը Չեխիայից պաշտոնական ոչինչ չի ստացել
ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված Հայաստանը Չեխիայից պաշտոնական ոչինչի չի ստացել։
«Այս պահի դրությամբ պաշտոնապես ոչինչ չկա», - Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Չեխական Tyden.cz կայքը երեկ գրել էր, որ Պրահայի քաղաքային դատարանը Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել:
Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը:
Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.-ին՝ Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
2018թ. հուլիսին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: