04/06/2019 12:33
Պատգամավորը կասկածում է, որ 130 հազար քաղաքացի դուրս են հանվել վարկային սև ցուցակներից
Պաշտոնական թվերն, ըստ որոնց, կանխատեսվում է 6,1% տնտեսական աճ 2019թ-ի համար ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մոտ հարցեր են առաջացրել:
«Ինչպե՞ս պետք է մեր տնտեսությունից զարգացում ակնկալել, եթե մեր տնտեսությունում երդրումներ չկան, արդյոք ներքին ռեզերվները ճի՞շտ են օգտագործվում, հատկապես ԿԲ-ի կողմից համակարգը կարգավորվո՞ւմ է այնպես, որ ներդրումներ արվեն: Ինչո՞ւ բանկային համակարգը ակտիվ չի սպասարկում ներդրումային միջավայրը», - այսօր Ազգային ժողովում ԿԲ նախագահի հաղորդման քննարկման ժամանակ հարցեր բարձրացրեց Սերգեյ Բագրատյանը՝ եզրակացնելով, որ ԿԲ-ն ճիշտ դրամավարկային քաղաքականություն պետք է իրականացնի:
Իր նշած հարցերի մի մասի պատասխանը պատգամավորը գիտեր: Օրինակ՝ նրա խոսքով Կենտրոնական բանկը չի սպասարկում ներդրումային ակտիվ միջավայր, այն պարզ պատճառով, որ բանկային կապիտալը ստեղծվել է «նախկին պաշտոնյաների կողմից ժողովրդին թալանելու միջոցով ստեղծված կապիտալով», և այդ կապիտալը, բնականաբար, տնտեսության մեջ ներդրվելու ազդակ չունի։
Ըստ պատգամավորի, լինելով այլ ռեժիմի մասնակիցներ, նրանք ցանկություն չունեն ներդրումներն արագացնել: Ավելին՝ գյուղացիական տնտեսությունները կանգնած են լուրջ խնդիրների առաջ՝ չեն կարողանում ցածր տոկոսադրույքներով վարկերից օգտվել կամ էլ սև ցուցակներում են։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ սև ցուցակում ընդգրկված և պաշտոնապես հայտարարվող 130 հազար մարդու մասին ու հայտարարեց՝ ինքը կասկածում է, որ նրանք հանվել են սև ցուցակներից:
«Այս պարագայում, եթե հետևում ենք ընթացքին, խոշոր կապիտալը «թուխս է նստել»՝ հույս ունենալով, որ ոսկե ձվեր կաճեն: Այդ ոսկե ձվերը նեխելու են, որովհետև չի աշխատելու և դատապարտված է վերադարձվելու այն մարդկանց, ումից խլվել է։
Կապիտալը հնարավոր չէ արտահանել, այդ պատճառով էլ չի արտագաղթում։ Չի արտագաղթել, որովհետև հնարավոր չէ այլ բանկերում այդ գումարները տեղաբաշխել: Իրավական հիմքերը չեն կարող ցույց տալ, դրա համար դատապարտված են մնալ բանկերում», - հայտարարեց նա։
Բագրատյանն առաջարկեց, որ ԿԲ-ն նախաձեռնողական լինի, գնա գյուղացիների մոտ, հետաքրքրվի, թե ինչու՞ չեն զբաղվում գյուղատնտեսությամբ։
Նրա դիտարկմամբ, բանկային կապիտալը սառած վիճակում է ու պետք է գնալ բարեփոխումների: