05/06/2019 20:45
Ռուս նախկին հատուկ ջոկատայինի սպանության համար կասկածվող Սերգեյ Խոջոյանը պնդում է, որ մեղավոր չէ և հայտնվել է ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամանակին
Հունիսի 2-ի գիշերը մերձմոսկովյան Պուտիլկովո գյուղում ռուս նախկին հատուկ ջոկատային 24-ամյա Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվող ազգությամբ հայ Սերգեյ Խոջոյանը պնդում է, որ անմեղ է:
Սպանությունը տեղի է ունեցել «Բիր Հաուս» փաբի մոտակայքում: Վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեին, ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը տեսել է՝ ինչպես են մի խումբ անձինք ծեծի ենթարկում երկու անձի: Ագրեսիվ խմբին հանգստացնելու համար Բելյանկինը իր մոտ եղած գազայն ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակում:
Սակայն դա չի հանգստացնում խմբին, ավելին, ըստ ռուսական աղբյուրների, նրանք հարձակում են գործում 24-ամյա երիտասարդի վրա: Նոր քաշքշուկի հետևանքով Նիկիտա Բելյանկինը դանակի մահացու հարված է ստանում կրծքավանդակի շրջանում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «սպանություն» և «ծանր վնաս առողջությանը» հոդվածներով:
Նախաքննության շրջանակներում արդեն իսկ կան կալանավորվածներ, որոնք բոլորն էլ հայ են՝ 27-ամյա Նարեկ Ստեփանյանը, 41-ամյա Սուրեն Մարկոսյանը և 42-ամյա Սերգեյ Խոջոյանը: Վերջինը ձեռներեց է, երկար ժամանակ ապրում է Մոսկվայում, ունի երեք անչափահաս երեխա:
Խոջոյանի ընտանիքին մոտ կանգնած Aysor.am-ի աղբյուրները պնդում են, որ նա կապ չունի սպանության հետ: Նույնը հայտարարել է նրա փաստաբան Օլեգ Ժիլցովը:
«Իմ պաշտպանյալը նախաքննական մարմնից չի թաքնվել ու դեպքից հետո 3 օր մնացել է տանը, իսկ դա նշանակում է, որ ինքն առանձնապես չի մտածել փախչել, հեռանալ ու չմասնակցել քննությանը», -ասել է փաստաբան Ժիլցովը:
Նա նաև հորդորել է համացանցում դեպքի մասին տարածվող իրարամերժ տեղեկություններին չհավատալ: «Ամեն ինչ հիմա ուսումնասիրվում է: Բայց ես կարող եմ պնդել, որ իմ պաշտպանյալը մասնակից չի եղել այդ հանցագործությանը: Ես սա ասում եմ ոչ թե որպես փաստաբան, այլ՝ բավականաչափ տվյալներին տիրապետող», ասել է նա՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը ագրեսիվ անձնավորություն չէ, երբևէ քրեական կամ վարչական պատասխանատվության չի ենթարկվել:
Այնտեղ հավաքված մարդիկ, ըստ փաստաբանի, ոգելից խմիչքի ազդեցության տակ չեն եղել և հավաքվել են ֆուտբոլային խաղը դիտելու համար: «Առայժմ չենք պարզել վիճաբանության պատճառը», -նշել է նա:
Կալանավորված հայերից Նարեկ Ստեփանյանը «Բիր հաուս» փաբի բարմենն է եղել, իսկ Սուրեն Մարկոսյանը՝ «Մորալ» ընկերության տնտեսագետը:
Aysor.am-ի զրուցակիցները նշում են, որ վիճաբանությունն առաջացել է ոմն Հրայրի ծննդյան օրը և դրան մասնակից անձինք շատ ավելին են եղել, քան կալանավորվածների թիվն է: Ավելին, հիմնական մեղավորները՝ երկու անձ, որոնց թվում է նաև Հրայրը, փախել են Մոսկվայից՝ ընտանիքներով հանդերձ: Դրանցից մեկը նախկին դատապարտյալ է և բոլորովին վերջերս է ազատվել պատժի կրումից: Տարբեր տեղեկությունների համաձայն, նրանք փախել են Հայաստան:
«Սերգեյ Խոջոյանը դեպքին մասնակից չի եղել և իրականում հայտնվել է ոչ ճիշտ տեղում, ոչ ճիշտ ժամանակին: Իրական մեղավորներն այլ անձինք են, որոնք այժմ փախուստի մեջ են», -նշեց մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ:
ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դեռևս հետախուզման վերաբերյալ հարցում ռուս գործընկերներից չեն ստացել: