05/06/2019 11:24
Դատական համակարգը չի բխում ժողովրդից և լեգիտիմության խնդիր ունի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ որևէ իրավիճակի, բայց կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ ընթանում է բնականոն ընթացքով, այսինքն՝ բոլորի իրավունքները պաշտպանված են։ Մնացած իրավական հարցերի լուծումը պետք է տրվի համապատասխան ընթացակարգերով, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին։
«Դատական համակարգի վերաբերյալ ես իմ գնահատականը տվել եմ։ Ես ասել եմ, որ չեմ կարող գնահատել որևէ դատական ատյանի որոշման օրինականությունն ու ապօրինությունը։ Դա իմ իրավասության մեջ չի մտնում, բայց փաստ է, որ Հայաստանի դատական համակարգն այսօր չունի ժողովրդի վստահությունը։ Հայաստանում դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության խնդիր ունի։ Հետևաբար մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացարած որոշումները ոչ վարչապետը, ոչ ընդդիմությունը, ոչ քաղաքացիները չքննարկեն»,- ասաց գործադիրի ղեկավարը։