05/06/2019 11:08
Ակնհայտ է՝ քննությունը հենց 2008-ի մարտի 1-ից տարվել է կոծկելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալի, շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի ձեռբակալությունը ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում փաստը, որ 11 տարվա մեջ առաջին անգամ Մարտի 1-ի սպանությունների գործով նախկին պաշտոնյա է ձերբակալվել։
«Բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարվա ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։ Այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է, որ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեմքերը, դեպքերը։ Ամեն ինչ փոխված է։ Եթե այս պայմաններում ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի, ես այդ լուրն իմանալուց հետո շատ էմոցիոնալ պահեր եմ ապրել։
Դեռ խոսքը ձերբակալության մասին է, չգիտենք՝ մեղադրանք կառաջադրվի, թե չի առաջադրվի, բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, և այն, որ ակնհայտ է՝ քննությունը հենց 2008 թվականի մարտի 1-ից տարվել է կոծկելու ուղղությամբ, ակնհայտ է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետռը միաժամանակ նկատեց, որ հարցաքննություններից պարզ է դարձել, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե ճշմարտությունն են պատմում, այլ հնարավոր բոլոր եղանակներով փորձում են կոծկել այն։