05/06/2019 18:40
Ե՛վ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և հետո ՀՀ իշխանությունները տեղյակ են պահում Արցախին. Բակո Սահակյան
«Արցախպրես» լրատվական գործակալությանը և «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանն անդրադարձել է այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին՝ նշելով.
«Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, բանակցային գործընթացն այն առաջնային հարցերից էր, որոնց շուրջ քննարկումներ են եղել մեր միջև: Դրանք ես կարող եմ որակել որպես ազնիվ և սկզբունքային, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ:
Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը:
Առհասարակ, և՛ հիմա, և՛ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին:
Ընդհանրապես, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն և, գուցե, միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ», - ասել է Սահակյանը:
Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն է բանակցային պրոցեսի փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին, որոնք մինչ այդ տեղյակ չեն եղել ընդհանրապես՝ ինչ է բանակցվել նախկինում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: