05/06/2019 15:02
Վահե Գրիգորյանը բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է իր ապրած կյանքով. Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանը նախագահ Արմեն Սարգսյանի մասին ընդամենը տեսակետ է հայտնել:
«Արմեն Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, որևէ կերպ չի բողոքարկել այդ հայտարարությունը: Նա նախագահի պաշտոնի լիազորությունների շրջանակում ներկայացրել է Սահմանադրական դատարանի այլ թեկնածու, որը Վահե Գրիգորյանն է: Այդտեղ իրավական առումով որևէ պրոբլեմ չեմ տեսնում», - այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Քոչարյանը:
Դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանն իշխանությունների սիրելի թեկնածուն է, Քոչարյանն արձագանքեց.
«Վահե Գրիգորյանը բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել իր ապրած կյանքով, իր գիտելիքներով: Մարտի 1-ին տուժողների սիրելին է եղել, Բուզանդի փողոցի տուժողների սիրելին է եղել, դրա համար էլ իրեն փորձել են մեկուսացնել նախկին իշխանությունները: Այս պահին որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել տվյալ թեկնածուի պրոֆեսիոնալ ունակությունները, բարոյական նկարագիրը: Այդ տեսակն իր բարոյական նկարագրով պետք է տնօրինի մեր դատական համակարգը»: