05/06/2019 16:36
Նախաձեռնել եմ, որ ԱԱԾ համակարգում ստեղծվի ծառայողների ուսումնական կենտրոն. Արթուր Վանեցյան
ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն ուսումնառության համար գործուղվում են այլ երկրներ, տարեկան ծախսելով շուրջ 240 մլն դրամ գումար, մինչդեռ նրանք կարող են ուսումնառություն ստանալ Հայաստանում, եթե ԱԱԾ-ն ունենա համապատասխան ուսումնական կենտրոն, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«2018թ.-ին ՀՀ ԱԱԾ-ն այդ մասով ծախսել է շուրջ 240 մլն դրամ։ Դա բավականին մեծ գումար է, որը մենք ստիպված ենք ծախսել և ծախսել այլ երկրներում», - հայտարարեց Վանեցյանը։
Նա նշեց, որ նախաձեռնել է և փորձելու է 2020 թվականին արդեն գործնական քայլեր ունենալ, որպեսզի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համակարգում ստեղծվի ազգային անվտանգության ծառայողների ուսումնական կենտրոն։
«Թե այդ կառույցն ինչպես կկոչվի՝ ուսումնական կենտրո՞ն, ակադեմիա՞, համալսարա՞ն, թե՞ ինստիտուտ՝ կմտածենք», - ասաց Վանեցյանը, նշելով, թե դրա հետ կապված արդեն ունեն որոշակի հաշվարկ։
«Եթե կարողանանք ստանալ ժամանակակից համալսարան, միայն ենթակառուցվածքների վրա պետք է ծախսվի շուրջ 2 մլրդ դրամ։ Բայց եթե համեմատություն ենք անում, տարեկան 240 մլն դրամ ծախսում ենք օտարեկրյա պետություններ մեր աշխատակիցներին ուղակելու վրա, կարծում եմ՝ այդ 2 մլրդ դրամը շատ մեծ գումար չի։ Բացի այդ, մենք կունենանք ավելի լավ պատրաստված աշխատակիցներ, զերծ կմնանք ցանկացած ռիսկերից, որոնք կարող են ի հայտ գալ արտասահմանում ուսման ընթացքում», - նշեց ԱԱԾ տնօրենը։
Դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ Արթուր Վանեցյանն ասաց.
«Պարո՛ն Ջանջուղազյան, տրամադրեք մեզ 2 մլրդ դրամ գումար, որպեսզի կարողանանք մեր ուսումնական կենտրոնը կառուցել»։