05/06/2019 18:10
Այդ կինը 28 հոգանոց ընտանիքի միակ անդամն էր, որ երկրաշարժից հետո ողջ էր մնացել. Լեգենդար ԻԷն Գիլանն ու Թոնի Այոմին կրկին Հայաստանում են
Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավոր կերպով կտոնվի «Rock Aid Armenia» բարեգործական ծրագրի 30-ամյակը, որի հիմնադիրը Ջոն Դին է: Ծրագրի նպատակն էր օգնել 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին, աջակցել աղետի գոտու վերականգնմանը։
2009 թվականին էլ նրա ու «Մեդիամաքս» գործակալության համագործակցության շնորհիվ կյանքի կոչվեց «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախաձեռնությունը, որի շրջանակներում «Deep Purple» խմբի վոկալիստ Իէն Գիլանի ու «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմիի ջանքերի արդյունքում վերակառուցվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը:
Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Ջոն Դին վստահեցրեց՝ բարեգործական նախաձեռնությունը շարունակվելու է ու շուտով կիմանանք նոր աշխատանքների մասին:
«Հիշում եմ, երբ առաջին անգամ հայտնեցի, թե ինչ կազմ ենք հավաքել այս նախաձեռնության համար, գտնվեցին մարդիկ, ովքեր ասացին՝ «այդ ռոքի նավթալինոտ դինոզավրերի հետ ինչի՞ եք գործ բռնել, իրենց ո՞վ է հիմա լսում»: Ես ասացի, որ ձեր փոփ աստղերին իրենք «գրպանը կդնեն» ու երկար տարիներ անց ավելի հզոր կլինեն: Ու հիմա ասեք՝ 89 թվականի փոփ աստղերից ո՞վ է մնացել: Իսկ Թոնիի վերջին ալբոմn ԱՄՆ-ում հիմա թիվ 1-ն է: Նրանք աշխարհի ամենախոշոր դահլիճներն անընդհատ լեփ-լեցուն են պահել ու պահում», - ասաց Ջոն Դին:
Սպիտակի երկրաշարժի մասին հիշելիս, Գիլանը հատկապես մի լուսանկար առանձնացրեց.
«Շատ ազդեցիկ պատկերներ կային այդ աղետից. Շատ լավ հիշում եմ մի լուսանկար, որի մեջ ծեր կին էր՝ ձեռքին իր ընտանիքի 28 անդամների լուսանկարները: Այդ կինն ընտանիքի միակ անդամն էր, որ ողջ էր մնացել: Հենց Սպիտակում մի մարդու հետ խոսեցի, ով ասաց՝ «երաժշտությունը լռել է, նույնիսկ թռչունները չեն ծլվլում»: Ես ասացի, որ որոշ ժամանակ անց երևի երաժշտությունը միջոց կդառնա աղետի գոտին վերակենդանացնելու համար: Այդպես էլ եղավ. մենք միացանք Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման աշխատանքներին», - պատմում է նա:
Երաժիշտը հիշում է՝ 1990 թվականի հայաստանյան համերգից վերադառնալուց հետո ծանոթներից մեկը նկատել է, որ մտահոգ է, հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Գիլանը հուզմունքից սկսել է արտասվել: Ասում է՝ ամեն ինչ այնքան ցնցող էր, որ դժվար էր իրեն զսպելը, ու հիմա իր համար մեծ պատիվ է ներգրավված լինել բարեգործական ծրագրում, որի հասույթն աղետի գոտուն է տրամադրվում:
«Մենք շատ փոքր ենք բնական աղետի դեմ որևէ բան անելու համար, բայց գոնե պետք է փորձենք ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական առումով օգնել: Երբ ես առաջին անգամ ոտք դրեցի այդ դպրոց, ձյուն էր գալիս ներսում, բայց ուսուցիչները խիզախորեն դեռ փորձում էին երեխաներին ինչ-որ բան սովորեցնել՝ կիսաքանդված շեքում, կոտրտված գործիքներով: Չեք պատկերացնի՝ դա ինչ տպավորություն թողեց ինձ վրա: Հիմա նրանք արդեն լավ պայմաններ ունեն, ու դա նաև երաժշտության վերածնունդն է», - նշեց վոկալիստը:
Թոնի Այոմին անհամբերությամբ սպասում է այն պահին, երբ իր աչքերով կտեսնի վերակառուցված դպրոցը: Կիթառահարն ընդգծեց, որ շարունակելու են Հայաստանի համար բարեգործական ակցիաներ կազմակերպել այնքան ժամանակ, որքան իրենք ստեղծագործելու հնարավորություն կունենան:
Անդրադառնալով իր հետագա գործունեությանն՝ Այոմին խոստովանեց՝ այսուհետ որոշել է լիաթոք ապրել:
«50 տարի օտար ճամփեքին շրջագայելուց հետո պետք է կյանքին մի քիչ այլ տեսանկյունից նայես: Անշուշտ, տանը նստած կստեղծագործեմ, ուղղակի անընդհատ հաստատ չեմ շրջագայի», - տեղեկացրեց կիթառահարը:
Ի հակադրություն գործընկերոջը՝ «Deep Purple»-ի վոկալիստը խոստովանեց՝ ինքը ճանապարհի մարդ է ու հաջորդ 50 տարիներին ևս շարունակելու է շրջագայել:
«Գուցե ուրիշ մոլորակում, բայց՝ շրջագայելու եմ», - կատակեց Իէն Գիլանը:
Լրագրողների հետ հանդիպման ավարտին ռոքի լեգենդներն իրենց ստորագրությամբ ձայնասկավառակներ բաժանեցին ցանկացողներին: