07/06/2019 12:13
Այս պահին քիչ է հավանական, որ Ադրբեջանը գնա լայնածավալ էսկալացիայի. պատգամավոր
Թուրք-ադրբեջանական համատեղ զորվարժություններն իրենց մեջ որոշակի ուղերձներ են պարունակում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Վերջին շրջանում՝ մայիսին, Ադրբեջանում զորվարժություններ կազմակերպվեցին արդեն արցախա-ադրբեջանական սահմանի տարածքում։ Այս բնույթի զորվարժությունները գտնվում են Հայաստանի և Արցախի զինված ուժերի վերահսկողության ներքո։ ԶՈՒ-երը պատրաստ են հնարավոր զարգացումներին, պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդին։ Հավելյալ տագնապի կարիք չեմ տեսնում։ Այդուհանդերձ, ուշի ուշով հետևում ենք բոլոր զարգացումներին», - ասաց բանախոսը։
Պատգամավորի խոսքով՝ պատերազմի ռիսկը միշտ առկա է, սակայն դատելով Ադրբեջանում առկա զարգացումներից՝ ներկայում քիչ հավանական է, որ այդ երկիրը գնա լայնածավալ էսկալացիայի։
«Այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է ուժի ցուցադրումը։ Սա առավելապես ուղղված է ներքին լսարանին։ Մյուս կողմից, իր՝ նախահարձակ չլինելն այդ երկիրը տարիներ շարունակ փորձել է ներկայացնել որպես զիջում», - նշեց Տաթև Հայրապետյանը։
Պատգամավորի խոսքով՝ ներկա զարգացումները ցույց են տալիս, որ բուն բանակցություններին նախորդող երկխոսությունն ընթանում է Հայաստանի առաջարկած օրակարգով, որի կարևոր բաղադրիչներից մեկը փոխվստահության մթնոլորտի ձևավորումն է։