07/06/2019 12:47
Դատարանն արձանագրել է, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր որոշեց մասնակի բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքը։
«Դատարանը արձանագրել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը։ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթ իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժել», որոշումը կարդաց Աննա Դանիբեկյանը։
Ըստ էության, գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանը որոշում չկայացրեց, դա թողնելով բուն գործը քննող դատավորի դատին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քոչարյանի գույքի վրա արգելանքը դրվել էր նրան սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: Ավելի վաղ արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր: