07/06/2019 15:57
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը, հնարավոր է, դառնա գործիք` ԶՈՒ-ում ճնշումներ գործադրելու համար. վերլուծաբան
Օրերս տեղի ունեցավ 2016թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի առաջին դռնփակ նիստը։
Հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարության մասին Aysor.аm-ը զրուցեց վերլուծաբան Արփինե Մելիքյանի հետ:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած գործողություններն, իհարկե, անհրաժեշտ է ուսումնասիրել ու իրականությունը ներկայացնել հանրությանը: Կան հարցեր, որոնք բացահայտման կարիք ունեն: Սակայն հանձնաժողովի գործունեության հետ կապված առկա են մի շարք մտահոգություններ:
Առաջինը կապված է հանձնաժողովում ներգրավված անձանց հետ. որքանո՞վ են արդյոք նրանք տիրապետում ռազմական գործին և կարողանալո՞ւ են արդյոք օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնել: Քննիչ հանձնաժողովի նպատակն է ուսումնասիրել ռազմական գործողությունների հանգամանքները: Այս համատեքստում նշեմ, որ հանձնաժողովում կան այնպիսի մարդիկ և նրանց թիվը քիչ չէ, որոնք ընդհանրապես հեռու են ռազմական փորձագետ կոչվելուց: Նրանց թվում են` ճանապարհային ոստիկանության նախկին տեսուչներ, ապրանքագետ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի անդամ, մարդկային ռեսուրսների բաժնի նախկին ղեկավար և այլն: Քննիչ հանձնաժողովի նման մասնագիտությամբ անդամների առկայության դեպքում բազմակողմանի և օբյեկտիվ քննության մասին խոսելը, կարծում եմ տեղին չի լինի», - ասաց Արփինե Մելիքյանը:
Վերլուծաբանի կարծիքով` բավականին մտահոգիչ է նաև այն, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է իր մեջ քաղաքական ենթատեքստ պարունակել:
«Չի բացառվում, որ հանձնաժողովի կազմած եզրակացությունը փորձեն օգտագործել թիրախավորելու բանակում այսպես կոչված «հակահեղափոխական» համարվող անձանց: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը հնարավոր է դառնա գործիք` Հայաստանի և Արցախի Զինված ուժերի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելու համար, ինչն էլ վտանգավոր է այն առումով, որ բացասական հետևանք է թողնելու առաջին հերթին բանակի մարտունակության վրա:
Նման մտահոգության պատճառը թերևս քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարությունն է, թե «լինելու են բացահայտումներ, որոնց ուղղությամբ պետք է կայացվեն կոշտ որոշումներ»: Այս հայտարարությունն արդեն իսկ իր մեջ քաղաքական ենթատեքս է պարունակում»,- ասաց վերլուծաբանը:
«Խորհրդարանը քաղաքական մարմին է, իսկ ապրիլյան պատերազմի ռազմական գործողություններն ուսումնասիրելու և դրանք ճշգրիտ ձևով հանրությանը ներկայացնելու համար անհրաժեշտ է ռազմական ոլորտում մասնագիտացված փորձագետների խումբ ունենալ», - հավելեց Մելիքյանը: