07/06/2019 10:33
Մարտի 1-ի գործով սպանության համար մեղադրվող Պետրոսյանը կալանավորվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Հատուկ քննչական կոմիտեի միջնորդությունը և որոշել կալանավորել Մարտի 1-ի գործով մեղադրվող, 2008-ին ոստիկանության ներքին զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին։
Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում առաջինն է, որը մեղադրվում է ցուցարարներից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար։ Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանությունը»:
Մինչև դատարանը որոշում կկայացներ Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը լրագրողներին ասել էր, որ իր պաշտպանյալը, օգտվելով դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ։ Ավելին, նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Փաստաբանը նաև ասել է, որ Պետրոսյանը մեղադրվում է մի վկայի ցուցմունքի հիման վրա։ Վկան նշել է, որ իբրև թե ցուցարար Զաքար Հովհաննիսյանը երկաթյա ձողով կամ արմատուրայով հարձակվել և փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանի գլխին, իսկ Պետրոսյանն էլ, փորձելով պաշտպանվել, կրակել է։
«Կամ նա պիտի խփեր Գեղամ Պետրոսյանը մահանար, կամ՝ Պետրոսյանը պիտի կրակեր», - վկայի ցուցմունքը ներկայացրել է Գևորգյանը։