07/06/2019 10:01
«Ժամանակ». Ապարանի քաղաքապետը կանգնած գյուղացիների կողմից փոքր ՀԷԿ-երի քանդման հետևում
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունը կարծես թե որոշել է վերացնել սեփականության իրավունքը: Երեկ Արագած գյուղի բնակիչները երեք «ԿամԱԶ»-ով և տրակտորով բարձրացել են Արագած լեռը, որպեսզի քանդեն Գեղարոտ գետի վրա դեռևս 2007թ. կառուցված Գեղարոտ1, Գեղարոտ2 և Արագած ՀԷԿ-երը: Գյուղացիները պնդում են, որ ՀԷԿ-երը աղտոտում են իրենց ջուրը և ՀԷԿ-երի կողմից օգտագործված ջուրն այլևս պիտանի չէ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար: Ո՛չ դատական ակտ, ո՛չ փոխհատուցում, այլ ինքնադատաստան. գյուղացիները որոշել են, որ ՀԷԿ-երը պետք է քանդել, գնացել են, որ քանդեն: Ինչ-որ բան երեկ են արել, մնացածը կանեն այսօր:
Ըստ որոշ տեղեկությունների՝ քանդողների բրիգադի հետևում կանգնած է Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը, «Գնթունիք» սուպերմարկետի սեփականատերը: Տեսնես՝ ինչպես նա կվարվի, եթե ինչ-որ բրիգադ էլ որոշի, որ պետք է քանդել նրա սուպերմարկետը»: