07/06/2019 14:46
Փաշինյանը կարծում է, որ ՌԴ-ում նախկին հատուկ ջոկատայինի սպանությունը չի ազդի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությունը չի ազդի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա:
ԳՀՎ նախկին հատուկջոկատայինը սպանվել էր հունիսի 1-ին Պուտիլկովո միկրոշրջանում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ժամանակ: Գործով ձերբակալվել էր երեք մարդ, նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է:
«Իհարկե, գիտեք, սա ողբերգություն է: Ցանկանում եմ ցավակցություն հայտնել սպանվածի ընտանիքին և ընկերներին», - ասել է Փաշինյանը` «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում:
ՀՀ վարչապետի խոսքով, հանցագործություն կա և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, սակայն դա չպետք է ազդի երկու երկրների հարաբերությունների վրա:
«Հայաստանում և Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր հանցագործություններ են կատարում, ցավոք, սպանություններ են լինում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, բայց դա չպետք է ազդի մեր հարաբերությունների վրա: Սա սկզբունքային դիրքորոշում է», - հայտարարել է ՀՀ վարչապետը:
Նա նշել է՝ կարևոր չէ, թե ինչ ազգություն ունի սպանություն կատարողը: Ըստ Փաշինյանի՝ դա ոչ մի կապ չունի երկու երկրների միջև հաստատված ռազմավարական հարաբերությունների հետ:
«Վերջերս Գյումրիում միջադեպ էր տեղի ունեցել, և մենք կասեցրել ենք այս հարցին քաղաքական ենթատեքստ տալու բոլոր փորձերը, և դա, իհարկե, մեծ ողբերգություն է մեզ համար, բայց դա տեղի ունեցավ, և ես ուզում եմ ասել՝ հույս ունեմ և համոզված եմ, որ մեր ռուս եղբայրները դա չեն ընկալի որպես մեր միջազգային և միջպետական հարաբերություններին վերաբերող ինչ-որ բան, քանի որ մենք եղբայրական ժողովուրդ ենք », - ավելացրեց է Փաշինյանը: