07/06/2019 20:20
«Անհայտ բաժանորդ». Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանն ու Մարջան Ավետիսյանը՝ կատակերգական նոր ֆիլմում
Ռեժիսոր Արշալույս Հարությունյանը շուտով հանրությանը կներկայացնի իր նոր «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը, որը իտալական «Идеальные незнакомцы» ֆիլմի տեղայնացված տարբերակն է: Ռեժիսորն ընդգծում է՝ իտալական կինոընկերության հեղինակային իրավունքները չեն խախտվել:
Հարաբերությունների կատակերգություն՝ այսպես է ինքն իր համար անվանել ֆիլմի այս ժանրը Արշո Հարությունյանը:
«Կան իրավիճակային կատակերգություններ և այլն, սա ինձ համար հարաբերությունների կատակերգություն է: Հայտնի ու սիրված եվրոպական ֆիլմ է, արդեն 9 երկրներ դրա ռիմեյքն են նկարել: Վերջերս Ռուբեն Դիշդիշյան և Արմեն Միտոյան պրոդյուսերները որոշեցին, որ պետք է նաև հայկական տարբերակը նկարել: Սցենարն ամբողջովին ադապտացված է: Ճիշտ է՝ թեման համամարդկային է, բայց հայ հանդիսատեսը էկրանին տեսնելու է լիովին հայկական ֆիլմ, պատմություն», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ռեժիսորը:
Ֆիլմի տեղայնացման սցենարի վրա աշխատել են Արշո Հարությունյանը, Արտուշ Գևորգյանն ու Վահան Մովսիսյանը: Ա. Հարությունյանը նկատում է՝ շատ ավելի պատասխանատու է, երբ նկարում ես մի ֆիլմ, որը նախատիպեր ունի ու համեմատության մեջ է հայտնվում: Մեկտեղ վստահ է՝ «Ահայտ բաժանորդ»-ը հաջողություն կունենա, ինչի գրավականներից մեկն էլ դերասանական կազմի` իր կողմից կատարված ընտրությունն է. կողք-կողքի են խաղալու Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Անի Խաչիկյանն ու Արթուր Մանուկյանը:
«Հանդիսատեսը կտեսնի որակով ֆիլմ, թեմա, դերասանական հրաշալի խաղ: Համոզված եմ՝ այս ամենն իրենց հետաքրքիր է լինելու», - նշեց նա:
«Անհայտ բաժանորդ»-ի նկարահանումները սկսվել են մայիսի 13-ին, պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին: Իրադարձությունները ծավալվում են մայրաքաղաք Երևանում:
Ֆիլմի համար գրվել է նաև հատուկ երաժշտություն: