07/06/2019 19:54
«Կյանքը վանդակից այն կողմ» և «Երկնագույն շան աչքերը»՝ Անի Խաչիկյանի ու Իննա Խոջամիրյանի մասնակցությամբ. Գյումրու թատրոնի հերթական էքսպերիմենտը
Նոր թատերաշրջանում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կրկին հետաքրքիր համագործակցություններ են սպասվում, այս անգամ երկու տարբեր ներկայացումներում երկու հրավիրյալ դերասաններն են Իննա Խոջամիրյանն ու Անի Խաչիկյանը, այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
«Սեպտեմբերին՝ թատերաշրջանի բացմանը, մի քանի նոր ներկայացում ենք ունենալու: Գյումրու թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում ներկայացվելու է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» բեմադրությունը, որն էքսպերիմենտալ ներկայացում է լինելու: Ռեժիսորն ու դերասանները՝ թատրոնի երիտասարդությունը, որոշել են գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար թատրոն հրավիրեն դերասանուհի Իննա Խոջամիրյանին: Նա էլ սիրով ընդունել է առաջարկը: Մեծ բեմում էլ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը բեմադրում է Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակից այն կողմ» ներկայացումը, որտեղ ևս հրավիրյալ դերասանուհի կլինի, այս դեպքում՝ Անի Խաչիկյանը», - մանրամասնեց Լ. Հարությունյանը:
Թե ինչո՞վ է պայմանավորված սերիալներում աչքի ընկնող Իննա Խոջամիրյանի ընտրությունը, թատրոնի տնօրենը պատասխանեց.
«Ճիշտ է՝ բոլորն իրեն ճանաչում են սերիալից, բայց ուզում ենք նոր մեկնաբանություն ու ձեռագիր ներկայացնի այս դերասանուհին»:
«Երկնագույն շան աչքերը» ներկայացման ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանն է, Իննայի խաղընկերոջը մարմնավորում է Արսեն Միքայելյանը:
Ի դեպ, Գյումրու թատրոնում հրավիրյալ արտիստների ու ռեժիսորների մասնակցությամբ ներկայացումներ բեմադրելու ավանդույթը վաղուց է ձևավորվել:
Տարիներ առաջ հրավիրյալների շարքում էր նաև ՀԽՍՀ և ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Բոլորովին վերջերս էլ ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ու Ռոզի Ավետիսովան աճեմյանցիների հետ բեմ բարձրացան, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ էլ «Ոչինչ չի մնա»-ն բեմադրվեց:
Լյուդվիգ Հարությունյանը վստահ է՝ այս մոտեցումն իր հետ փորձ ու որակ է բերում: