08/06/2019 10:37
Աբովյանում ընտրություններից մեկ օր առաջ հրդեհել են իշխանական թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան. Մարզպետը դիմել է ոստիկանությանը (Լուսանկարներ)
Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հայտարարել է, որ Աբովյանում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, այս գիշեր հրդեհել են Աբովյանի քաղաքապետի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբի ղեկավարի ավտոմեքենան։
«Եթե ընտրություններից մեկ օր առաջ նման հանցագործություն է կատարվում Աբովյան քաղաքում, ապա մնում է միայն ասել, որ հին գործելաոճ և հանցագործ մտածելակերպ ու վարք դրսևորել անձանց տեղը այնտեղ չէ, որտեղ հիմա նրանք գտնվում են։ Աբովյանը ձեր հոր դուքյանը չէ, ոչ էլ պապերից ստացված ժառանգություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավոյանը։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էլ իր հերթին կատարվածը վկայող լուսանկարներ է հրապարակել և հայտարարություն է տարածել՝ պահանջելով ոստիկանությունից անհապաղ գտնել և պատժել հանցագործներին։
«Սա չի տեղավորվում ոչ միայն օրինականության, այլ նաև` բարոյականության ու բանականության սահմաններում. Զազրելի ոտնձգություն ընտանիքի և սեփականության նկատմամբ։ Վստահ եմ իրավապահ մարմինների` կեսգիշերին մեկնարկած գործողությունների արդյունքները շատ չեն ուշանա։ Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա։
Հ.Գ. Դեպքը տեղի է ունեցել ՔՊԿ թեկնածուի` ենթաշտաբերից մեկի պետի հետ», - հայտարարել է նա։