08/06/2019 09:35
Ցանկացած օրենք պետք է դիտարկել սոցիալական և տնտեսական գնի տեսանկյունից, այսինքն, թե առաջին հերթին մարդուն ի՞նչ է տալիս այն. Տնտեսագետ
Ցանկացած օրենք պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ինչ սոցիալական և տնտեսական գին ունի, այսինքն, թե առաջին հերթին մարդուն ի՞նչ է տալիս և նաև բյուջեի համար լրացուցիչ ծա՞խս, թե՞ եկամուտ է ապահովվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։
«Եվ երրորդը, որը ոչ պակաս կարևոր է՝ օրենքը տանում է դեպի տնտեսական զարգացո՞ւմ, թե՞ խոչընդոտում է տնտեսական զարգացմանը։ Օբյեկտիվ լինելու համար պետք է ասել, որ բավական աշխատանք է կատարվել, և պետք է հիշել, որ այդ աշխատանքը սկսել է ոչ թե հիմա, այլ առնվազն 2-3 տարի առաջ։ Եթե դիտարկենք, թե ինչ կտա Հարկային օրենսգրքի փոփոխությունը ՀՀ շարքային քաղաքացուն և գործարարներին, կարծում եմ՝ առաջին հերթին պետք է նայել, թե որքանով տարբերակված մոտեցում ենք ցուցաբերում», - նշեց տնտեսագետը։
Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ ինքը բազմաթիվ առիթներով նշել է, որ անթույլատրելի է համարում աշխատավարձի նվազագույն շեմի հարկումը։
«Սա արատավոր երևույթ է, որին 90-ական թվականներից որևէ իշխանություն ուշադրություն չի դարձրել։ Եթե նոր իշխանություներն ուզում են տարբերվել կամ իսկապես առաջընթաց քայլ անել, պահպանել սոցիալական արդարության սկզբունքը, ապա պետք է գնան «ինչ չանել» ճանապարհով։ «Ինչ չանելն», օրինակ, նվազագույն աշխատավարձը չհարկելն է, որովհետև այն չի ապահովում նույնիսկ նվազագույն կենսաապահովման զամբյուղն, այսինքն՝ չմեռնելու գինը։ էլ չեմ ասում՝ նվազագույն սպառողական զամբյուղի մասին։ Ամոթ եմ համարում, որ սոցիալական-իրավական պետություն հռչակված Հայաստանում ոչ ոք այս խնդրին ուշադրություն չի դարձրել», - ասաց տնտեսագետը։
Նա միաժամանակ ընդգծեց՝ սոցիալական տարբեր բեռ ունեցող մարդկանց չի կարելի նույն դրույքաչափով հարկել։
«Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր ընտանիք ունեն և ընտանիք չունեն։ Կարծում եմ՝ պետք է հաշվարներ կատարել։ Եթե ես միայնակ անձնավորություն եմ, և որևէ մեկն իմ խնամքի տակ չկա, չպետք է վճարեմ նույն եկամտահարկը, ինչ, ասենք, իր խնամքի տակ 7-8 անձ ունեցող հարևանս։ Սա սոցիալական արդարության հետ որևէ աղերս չունի», - ամփոփեց խոսքը Թաթուլ Մանասերյանը՝ շեշտելով, որ տնտեսությունը պետք է հաշվառելի և վերահսկելի լինի։