08/06/2019 14:14
Թաթարստանում բնակելի շենքի հիմքում մարդկանց մասունքներ են հայտնաբերել
Թաթարստանում Էլևատորնայա Գոռա ավանում բնակելի տան վերակառուցման ժամանակ հիմքի մեջ գտնվել են երկու մարդու մասունքներ: Նշվում է, որ մասունքները հայտնաբերման պահին կմախքացած էին: Քննչական մարմիններն այս փաստով ստուգում են սկսել:
«Մասունքները գտել են տան նոր տերերը հիմքի ամրացման աշխատանքներ կատարելիս, քանի որ կառույցի արտաքին պատին ճեղքեր էին հայտնվել: Նախնական տեղեկություններով՝ մասունքների վաղեմությունը կազմում է մի քանի տասնյակ տարի: Հնաբնակների խոսքով՝ բուն տունը կառուցվել է ոչ պակաս 65 տարի առաջ»,- հայտնել է Թաթարստանի քննչական վարչության մամուլի ծառայությունը:
Ոսկորներն ուղարկվել են փորձաքննության, որը պետք է պարզի մարդկանց մահանալու ստույգ ժամանակը եւ պատճառը: Ստուգման արդյունքներով էլ դատավարական որոշում կընդունվի: