10/06/2019 14:00
Վարչապետը պետք է պարտադրի անմիջապես այդ գործը բացահայտել. Գագիկ Ծառուկյանը՝ ՔՊ քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան հրդեհելու մասին
Հաղթել է աբովյանցին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին անցկացված քաղաքապետի ընտրություններին:
«Հաղթել է աբովյանցին, ավելի բան չունեմ ասելու: Վարչապետն ասել է՝ «հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»», - ասաց Ծառուկյանը:
Դիտարկմանը, թե ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ քաղաքապետը վայելում էր Ծառուկյանի աջակցությունը, դրա համար էլ վերընտրվեց, Ծառուկյանն ասաց.
«Վայելում է, բայց դրա կարիքը չկար, որ ես գնայի աջակցեի նրան, նա իր աշխատանքով ապացուցել է: Որ կարիքը լիներ, ես անպայման կաջակցեի»:
Անդրադառնալով ընտրություններից մեկ օր առաջ ՔՊ թեկնածուի նախընտրական շտաբի պետի մեքենան հրդեհելու փաստին՝ Ծառուկյանն ասաց, որ այդ դեպքը հնարավորինս շուտ պետք է բացահայտվի:
«Մենք առաջին օրն ենք հայտարարել, որ սա պետք է բացահայտվի: Եթե չբացահայտվի, ուրեմն իրավապահ մարմինները տեղում չեն: Մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն, հենց դրանք են հիմնական «մուտիլովչիկները»: Սա պարտադիր է և վարչապետը պետք է պարտադրի անմիջապես այդ գործը բացահայտել», - ասաց Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ Աբովկանում երեկ քաղաքապետ է վերընտրվել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Այստեղ լարված քարոզարշավ է ընթացել Գևորգյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գրիգոր Գուլյանի միջև: