10/06/2019 17:28
Եթե դու «քայլ արած ունես» այս իշխանությունների համար, լայն առումով անձեռնմխելի ես օրենքի տեսանկյունից. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանը տարօրինակ է համարում, որ իրեն բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, քանի որ ինքը չի դիմադրել։
«Բերման ենթարկելը հայտնի էր, չհասկացա՝ ինչու էին ձեռնաշղթա կիրառել, որևէ դիմադրություն չէի ցուցաբերում: Ինձ մեղադրում են, որ ես սպառնացել եմ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին: Խոսքը նախորդ օրը ասուլիս տալու ժամանակ իմ բառացի կրկնելն էր մի արտահայտություն, որը մի քանի օր առաջ Բակո Սահակյանի հասցեին «նիկոլպաշատ» ակտիվիստ է կիրառել: Խոսքն այն սպառնալիքի մասին է, որի մեջ ոստիկանությունն, իմիջայլոց, որևէ հանցակազմ չէր տեսել նախկինում, երբ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ, հնարավոր է, շուտով կոչ անի քարով «ցխել» Բակո Սահակյանի գլուխը», - ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դանիելյանը:
Հիշեցնենք՝ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանն ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հավաքի ժամանակ հայտարարել էր, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը, եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում»։
Դանիելյանն ասաց՝ ինքն էլ հայտարարել է, որ կարող է մի օր կոչ անել նույն հաջողությամբ «ցխել» Փաշինյանի գլուխը:
«Բայց այդ արտահայտությունը կիրառել եմ միայն, որովհետև նախապես իմացել եմ, որ ոստիկանությունն այդ հայտարության մեջ որևէ հանցակազմ չի տեսնում: Ոստիկանությունը դա հաստատել է, բայց ինչպես և բազմաթիվ այլ դեպքերում, այս դեպքում նույնպես վերահատատվեց այն փաստը, որ Հայաստանում գործում են երկակի ստանդարտներ. եթե դու «քայլ արած ունես» այս իշխանությունների համար, լայն առումով անձեռնմխելի ես օրենքի տեսանկյունից, մինչդեռ, եթե դու քաղաքական ընդդիմախոս ես ու քո գործունեության մեջ համարձակվում ես քաղաքացի համարվող «քայլ արածներին» կրկնօրինակել, դու հետապնդվելու ես բոլոր առումներով՝ իրավական, այդ թվում նաև քրեական տարրերի կիրառման օգնությամբ», - ասաց Դանիելյանը:
Aysor.am-ի հարցին՝ արդյոք սա քաղաքական հետապնդու՞մ է համարում՝ Դանիելյանը դրական պատասխան տվեց.
«Ընդ որում, եթե նախկինում փորձում էին ոստիկանության միջոցով ճնշումներ գործադրել, հիմա ակնհայտորեն դիմում են քրեական տարրերին, հանցագործներին, ռեցեդեվիստներին: Օգնության են կանչել ռեդեցեդեվիստներին»: