10/06/2019 14:09
Աբովյանի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հեղափոխական էյֆորիա չկա, քաղաքացիներն ընտրում են այնպես, ինչպես ցանկանում են. Արմեն Բադալյան
Կիրակի հանրապետության որոշ համայնքներում տեղի ունեցած ընտրությունները քաղաքական ուժերին մտածելու, հետևություններ անելու տեղիք պետք է տան, և այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ամիսներ շարունակ պահպանվող հեղափոխական էյֆորիան այլևս գոյություն չունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։
«Այդ ընտրությունները ցույց տվեցին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկին Հանրապետականների նման բոլոր համայնքներում չի առաջադրել իր թեկնածուներին։ Այսինքն՝ ՔՊ-ն կա՛մ չի ցանկանում Հանրապետականի նման ամբողջովին ՏԻՄ ընտրությունները սեփականաշնորհել, կա՛մ չունի այդքան մարդկային պոտենցիալ, որպեսզի կարողանա փակել իր թեկնածուներով բոլոր ՏԻմ-երը և հաղթանակ տանել», - ասաց նա:
Թե այս երկու տեսակետից որն է ճիշտը, Արմեն Բադալյանը դժվարացավ ասել.
«Բայց մենք տեսնում ենք, որ ՏԻմ ընտրություններում ՔՊ-ից բացի փաստացի այլ թեկնածուներ են հաղթել»։
Ինչ վերաբերում է Աբովյան քաղաքին, ընտրական տեխնոլոգիաների մասնագետն ասաց, որ սա առանձին քննարկելու առիթ է։
«Մենք տեսանք, որ գործող քաղաքապետը մոտ 400 ձայնի առավելության հաղթանակ է տարել ՔՊ թեկնածուի նկատմամբ, որին իր աջակցությունն էր հայտնել վարչապետը, նույնիսկ քայլերթ էր կազմակերպել Աբովյանում՝ հօգուտ իր թեկնածուի։ Բայց միաժամանակ մենք տեսանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այդպես բացահայտ չի աջակցել իր թեկնածուին, այնպես, ինչպես նախկինում ԲՀԿ ղեկավարը հանրահավաքներ էր իրականացնում, ելույթներ ունենում և անմիջական աջակցություն ցուցաբերում։
Այս անգամ նա խուսափեց այդպիսի տեխնոլոգիաներ կիրառելուց, որպեսզի պարտության ժամանակ իր պարտությունն ակնառու չլինի», - ասաց Արմեն Բադալյանը:
Գործող անկուսակացական քաղաքապետի հաղթանակը, Բադալյանի խոսքով, մտածելու տեղիք պետք է տա ՔՊ թեկնածուներին՝ հասկանալու համար, որ վարչապետի վարկանիշն այլևս այն չէ, որ նա այլևս միայն քայլերթով հաղթանակներ ապահովի թեկնածուին, պետք է քաղաքական բովանդակություն հաղորդել:
«Զուտ միայն հեղափոխություն բառը գործածելով՝ այլևս հաջողությունների չեն հասնի։ Նաև ԲՀԿ-ին սա պետք է մեսիջ լինի, որ «պարտիզանական» ձևերով չեն մասնակցի, այլ պետք է բացահայտ մասնակցել ընտրություններին՝ աջակցելով կամ չաջակցելով թեկնածուներին», - ասաց Արմեն Բադալյանը։
Նա նաև նշեց, թե պետք է հասկանալ, որ սրանք հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություններ ունեցող գործընթացներ չեն։
«Սովորական ընտրական գործընթաց է, որից պետք է դասեր քաղեն ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը»։
Այդուհանդերձ, տեխնոլոգի խոսքով, տարօրինակ է, որ ՔՊ որոշ գործիչներ նշում են, որ այդտեղ ԲՀԿ-ն վարչական ռեսուրս է կիրառել, հին մեթոդներով է քվեարկությունն իրականացրել.
«Վարչական ողջ ռեսուրսը պատկանում էր ՔՊ-ին և անհրաժեշտության դեպքում նրանք կարող էին կանխել դա։ Բացի այդ, Աբովյանի ընտրություններում կրկնվեց այն տարածված պատճառաբանությունը, ինչ նախկինում էր լինում։ Այն է՝ պարտությունը բացատրել ոչ թե սեփական թիմի վատ աշխատանքով, այլ դիմացինի անազնիվ գործունեությամբ։ Սա լավ երևույթ չէ»։
Ամփոփելով խոսքը, Արմեն Բադալյանն ասաց. «Եվս մեկ անգամ կարող ենք ապացուցել, որ այն հեղափոխական էյֆորիան, որը կար անցած տարվա ընթացքում, հիմա այլևս ավարտվել է, վերջ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում հեղափոխական էյֆորիա այլևս գոյություն չունի, քաղաքացիներն ընտրում են այնպես, ինչպես ցանկանում են»։