10/06/2019 13:56
Մեր թիմը դեռ երկար պետք է վերլուծի այս ընտրությունների արդյունքները և հետևություններ անի. Էդուարդ Աղաջանյան
Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կարծիքով՝ որոշ խմբեր տարբեր տիպի ազդեցություն, այդուհանդերձ, ունեցել են Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վրա:
«Մեր թիմը դեռ երկար պետք է վերլուծի այս ընտրությունների արդյունքները ու համապատասխան հետևություններ անի: Կարծում եմ` որևէ արտառոց ու վախենալու բան չկա», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աղաջանյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավարի կարծիքով, եթե Աբովյանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջադրել է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը, հետևաբար համարել է բավարար ներկայացուցչական թեկնածու:
Հարցին, թե ո՞րն է Աբովյանում ՔՊ թեկնածուի պարտության պատճառը, Աղաջանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պարտությունը մեկ պատճառ չունի, պետք է դեռ վերլուծենք: Եթե արտահայտեմ զուտ իմ կարծիքը, ապա իմ կարծիքով, նախընտրական ժամանակահատվածում պետք էր շատ ակտիվ աշխատել»:
Նկատենք` հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքում գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, որը համարվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորյալը, հաղթել էր` ստանալով 8453 քվե: Իշխող քաղաքական ուժի թեկնածուն` ՔՊ անդամ Գրիգոր Գուլյանը, ստացել էր 8058 ընտրողի ձայն: