10/06/2019 13:44
Կոտայքի մարզպետը իր վարքագծով փչացրեց ընտրությունները, լավ կանի` հրաժարական տա. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մտահոգիչ է համարում ընտրություններին մասնակցած ընտրողների ցածր թիվը: Նշենք, որ ընտողների 60 տոկոսը չի մասնակցել ընտրություններին:
«Սա ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիները այսքան փոփոխություններից հետո դեռևս չեն արժևորում իրենք իրենց մեկ ձայնը այնպես, ինչպես պետք էր», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մարուքյանը՝ գնահատելով Աբովյանի քաղաքապետի ընտրությունները:
Անդրադառնալով ընտրությունների ընթացքին ու գրանցված արդյունքներին՝ Մարուքյանը նկատեց, որ որևէ քաղաքի ընտրություն պետք չէ կապել հեղափոխության կամ հակահեղափոխության հետ:
«Մի քաղաքի ընտրություն է, հիմա կարող է Վահագը կառավարի, Գրիգորը կառավարի, ով ուզում է՝ կառավարի: Կան օրենքներ, կա Սահմանադրություն, մենք էստեղ օրենքներ ենք ընդունում ու մեր ընդունած օրենքներով պետք է այդ քաղաքաները կառավարվեն», - հայտարարեց Մարուքյանը:
Նկատենք` հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների արդյունքում գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, որը համարվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորյալը, հաղթել էր` ստանալով 8453 քվե: Իշխող քաղաքական ուժի թեկնածուն` ՔՊ անդամ Գրիգոր Գուլյանը, ստացել էր 8058 ընտրողի ձայն:
Մարուքյանի դիտարկմամբ, սխալ է կարծել, որ իշխանությունը պետք է հաղթեր բոլոր տեղերում: Հարցին, թե Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Գագիկ Ծառուկյանի գործոնը որոշի՞չ է եղել, Մարուքյանը դրական պատասխան տվեց ու հավելեց. «Եղելէ աջակցություն, ԲՀԿ-ի պատգամավորները այնտեղ են եղել, աջակցել են, բա էդպես պետք է լիներ, քաղաքական պրոցես է»:
Անդրադառնալով քվեարկության օրը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի վարքագծին՝ Մարուքյանը ընդգծեց. «Կարծում եմ` Կոտայքի մարզպետը իր վարքագծով փչացրեց ընտրությունները, երևի լավ կանի` հրաժարական տա: Բայց իրենց թիմն է, թող իրենք որոշեն: Ես կարծում եմ, որ ընտրություններին պետք չէ կյանքի ու մահու կոնտեքստում մոտենալ»: