10/06/2019 11:54
Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը. Տիգրան Աբրահամյան
Aysor.am-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
- Պարոն Աբրահամյան, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով առաջնագծում առկա իրավիճակին՝ նշել է, որ Հայաստանը գործընթացը տանում է տապալման: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Ո՞ր գործընթացի մասին է խոսքը, նրա, որն ի սկզբանե գոյություն չունե՞ր: Եթե խոսքը դեռ նախորդ տարվանից հնչող «լավատեսական» անոնսների մասին է, ապա դա իսկզբանե իմիտացիա եմ համարել, այնպես որ, չեղած բանը դժվար է տապալել:
Ադրբեջանն արդեն 8 ամիս է խոսում բանակցությունների վերսկսման իր պատրաստակամության մասին, սակայն դա «ասյբերգի» երևացող հատվածն է, իրականում իր քայլերն այլ բանի մասին են խոսում:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արդեն 10 օր առաջ նախանշել էր, որ իրավիճակը սրվելու է՝ հայտարարելով, որ Հայաստանին տրված ժամկետը բանակցային գործընթացը խորությամբ ուսումնասիրելու առումով արդեն սպառվել է:
- Իսկ ի՞նչ է կատարվում առաջնագծում: Քաղաքական հայտարարությունները ցույց են տալիս, որ ինչ որ բան այն չէ, իսկ թե ինչ, հանրությունը կարծես առանձնապես տեղյակ չէ:
- Իրավիճակային գնահատականները երկու հարթության մեջ պետք է դիտարկել: Առաջին հերթին պետք է արձանագրել, որ հատկապես վերջին 10 օրվա ընթացքում իրավիճակը համեմատաբար սրվել է: Գործի են դրվել ականանետեր, հաստոցային ավտոմատ նռնականետեր, առավել ինտենսիվ է դարձել խոշոր տրամաչափի զինատեսակներից արձակված կրակահերթերը:
Հակառակորդի շարժերի ու գործողությունների վերլուծությունը նաև ցույց է տալիս, որ ակտիվ են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատկապես նրանց կազմում գործող դիպուկահար խմբերը:
Երկրորդ, իրավիճակային վերլուծությունները մարտ, ապրիլ, մայիս ամիսների կտրվածքով, ցույց են տալիս, որ բացասական առումով փոփոխություններ ունենք նաև եռամսյակային կտրվածքով: Ադրբեջանի ակտիվությունը, որն ավելի վաղ փուլում արտահայտվում էր հիմնականում ինժեներական-ամրաշինական աշխատանքներով, ներկայումս զուգահեռվում է հրադադարի ռեժիմի համեմատաբար մեծ խախտումներով և արձանագրվող միջադեպերով, ընդ որում՝ կրակահերթերը սկսել են առավել նպատակային բնույթ կրել:
- Այդ դեպքում ո՞րն է այս ամենի պատճառը, ինչի՞ հետևանքով իրավիճակը սրվեց:
- Ադրբեջանը վերջին 8 ամսվա մեջ փորձում է իր համար ամուր հիմքեր նախապատրաստել՝ մի կողմից միջազգային հանրությանը ցույց տալու, թե պատրաստ է խնդրի կարգավորման բանակցային ուղուն, մյուս կողմից՝ անել առավելագույնը, «պարարտ դաշտ» ձևավորել՝ նվազագույնն իր սադրանքների քաղաքականությանը վերադառնալու համար: Իսկ այս ամենի համար պետք էր գեղեցիկ կոմբինացիաներով դիրքավորվել «կառուցողական» դաշտում:
Ասել, որ այս իրավիճակը սպասելի չէր, կստացվի, որ զոհ ենք գնացել ադրբեջանական տակտիկական մոտեցումներին, գոնե ինձ համար Ադրբեջանն իր նախնական կուրսից չի շեղվել ու գնում է իր նախագծած սցենարով, որի ընթացքն ու վերջնական նպատակը իրավիճակային կտրուկ փոփոխություններն են: