10/06/2019 11:20
Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը. Փաշինյան
Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը. դա ամենակարևորն է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի պարտությունն Աբովյան քաղաքում։
«Ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն։ Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ՝ երկար տարիներ, ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։ Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարելու իրենց ընտրությունը։ Իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար, Հայաստանի Հանրապետությունունում հաստատված է ժողովրդի իշխանություն», - ասաց գործադիրի ղեկավարը։
Դիտարկմանը, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընտրությունների ժամանակ լծակներ է օգտագործել, ճնշում բանեցնելու նպատակով քրեական գործեր են հարուցվել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ պիտի որ լինեն, պիտի քրեական գործերի բովանդակությունն իմանաք և համոզված լինեք, որ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի»։
Հիշեցնենք, որ երեկ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում ԿԸՀ նախնական արդյունքներով՝ քաղաքապետ է ընտրվել Աբովյանի գործող ղեկավար Վահագն Գևորգյանը, ով ստացել է 8453 ձայն: Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 քվե։