10/06/2019 21:15
Ստոլտենբերգը Ռուսաստանը համարել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ռուսաստանը համարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր սպառնալիքը: Այդ մասին նա հայտարարել է «Պոլիտիկա» սերբական թերթին տված հարցազրույցում:
«Միանգամայն ստույգ է, որ այսօր մեր առջև ծառացել է առավել չկանխատեսված իրադրությունն անվտանգության ոլորտում: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի ավելի ու ավելի ագրեսիվ քաղաքականությանը, կիբեռսպառնալիքին, հիբրիդային սպառնալիքներին, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի անկայունությանը և շարունակվող ահաբեկչական սպառնալիքին: Դրան ի պատասխան, ՆԱՏՕ-ն արագացված կարգով հավաքական պաշտպանության ամենախոշոր վերանայումն է իրականացնում սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Այսպիսով՝ ավելի ու ավելի նվազ կանխատեսելի աշխարհում ՆԱՏՕ-ն դեռ նույնքան կարևոր է, որքան որ միշտ եղել է», - հայտարարել է Ստոլտենբերգը:
«Դաշինքը մեր ժողովուրդների անվտանգությունը պաշտպանում է արդեն 70 տարի: Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի միջև ամուր կապերը ՆԱՏՕ-ն դարձրել են պատմության մեջ ուժեղագույն միությունը: Այն փաստը, որ շուտով մենք Հյուսիսային Մակեդոնիան կընդունենք որպես 30-րդ անդամ, ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն հաջողակ դաշինք է: Հետևողական ընդլայնումը ցույց տվեց, որ 70 տարի անց էլ ՆԱՏՕ-ն հետաքրքրություն է առաջացնում և միջազգային կայուն կարգի դրական ուժ է», - ավելացրել է դաշինքի գլխավոր քարտուղարը։