11/06/2019 17:51
Պետական պարտքի կուտակումը Հայաստանի Հանրապետության համար խիստ վտանգավոր է դարձել. Տնտեսագետ
Պետական պարտքի կուտակումը Հայաստանի Հանրապետության համար խիստ վտանգավոր է դարձել։ Մասնագետները և ոչ միայն մասնագետներն արդեն հասկանում են՝ մենք շուտով կանցնենք վտանգավոր շեմը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, թեկուզ շատ ցածր տեմպերով՝ Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել։
«Բոլոր պարագաներում պարտքային միջոցները զանազան խնդիրների լուծման համար են, բայց տարիներ շարունակ մենք այս ասպարեզում արդյունավետություն չենք ունեցել։ Հիմա ամբողջ խնդիրը նրանում է, որ կարողանանք ունենալ այդ միջոցների արդյունավետ օգտագործման համապատասխան մեխանիզմներ։ Ես չէի ասի, որ այդ մեխանիզմներն արդեն տեսանելի են», - ասաց Վարդան Բոստանջյանը։
Տնտեսագետի խոսքով՝ կառավարության ծրագիրը մեծ հաշվով լիրիկական բնույթ էր կրում ՝ առանց որևէ տեսլականի և երկրի համար կարևոր ուղենիշերի։
«Որևէ ցուցանիշ, չափորոշիչ գոյություն չունի, որպեսզի մենք կարողանանք հետևենք գործընթացին։ Պետական պարտքի առումով մենք դեռևս գտնվում ենք անորոշության դաշտում», - ընդգծեց Վարդան Բոստանջյանը։
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» թերթի այսօրվա հրապարակման՝ Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել, սակայն շատ ցածր տեմպերով:
Մասնավորապես, այս տարվա մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 924.5 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամիս այն 6 մլրդ 899.4 մլն դոլար էր, իսկ տարեսկզբին՝ 6 մլրդ 922.9 մլն դոլար: