11/06/2019 15:06
Սահմանադրական դատարանը երկարաձգել է Քոչարյանի գործով դիմումի ուսումնասիրման ժամկետը
Սահամանադրական դատարանը մեկ ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը կսկսի քննել հունիսի 12-ին:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դժգոհ էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումներից:
Դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր կասեցնել Մարտի 1-ի գործով վարույթը և դիմել Սահմանադրական դատարան, բացի այդ, որոշել էր բավարարել Արցախի գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը, ու Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից:
Մասնավորապես, դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանն իր վերաքննիչ բողոքում Վերաքննիչ քրեական դատարանից պահանջել է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը:
Նույն պահանջը Վերաքննիչ դատարանին ներկայացրել են նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանը և Վահե Գրիգորյանը: