11/06/2019 18:17
Դանիայի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել
Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյորսգորը թողնում է պաշտոնը։ Նման որոշում նա կայացրել է հունիսի 5-ի ընտրություններում իր կուսակցության և աջ կենտրոնամետ դաշինքի պարտությունից հետո: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Խորհրդարանական ընտրություններից հետո ինձ հարցրեցին՝ կլինե՞մ ես Ֆոլկետինգի նախագահը: Ո՛չ, չեմ լինի: Իշխանությունը փոխվել է», - նշել է Կյորսգորը:
Քաղաքական գործիչը կշարունակի աշխատել Դանիայի ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբի կազմում, որի մանդատների թիվը 37-ից նվազել է մինչև 16:
Կյորսգորի պաշտոնաթողությունն սպասելի էր. Ֆոլկետինգի նոր խոսնակ կդառնա առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցություններից մեկի ներկայացուցիչը:
Հունիսի 5-ի ընտրություններում ձախ կուսակցությունները ստացել են 91 մանդատ, իսկ աջ կենտրոնամետները՝ 75:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն առաջին տեղն է գրավել ձայների 25,9 տոկոս արդյունքով: Երկրորդ տեղում Լիբերալ կուսակցությունն է՝ 23,4 տոկոսով: