11/06/2019 18:08
Չինաստանի Գուանդունի նահանգում հեղեղումների հետևանքով առնվազն յոթ մարդ է մահացել
Չինաստանի Գուանդունի նահանգում առնվազն յոթ մարդ է մահացել հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների պատճառով, ևս մի բնակիչ անհայտ կորել է, հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Առավել բարդ իրավիճակ է Հեյուանի երեք շրջաններում, որտեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում չեն դադարում հորդառատ անձրևները, որոնք լրջորեն խաթարել են տեղի տրանսպորտային հաղորդակցություններն ու կապը:
Ինչպես նշում է գործակալությունը, տարածաշրջանում մոլեգնող հեղեղումները խախտել են տեղի մոտ 110 հազար բնակիչների բնականոն կյանքը, տարերքի հարվածից ավերվել կամ վնասվել է 956 բնակելի շինություն:
Ներկայում տեղատարափներից ու հեղեղումներից Չինաստանի մի շարք նահանգներ են տուժել երկրի հարավային ու արևելյան տարածաշրջաններում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ցզյանսի արևելյան նահանգում հեղեղումների զոհ է դարձել վեց մարդ, տեղի իշխանությունները հարկադրված են եղել տուժած շրջաններից տարհանել մոտ 135 հազար բնակիչների, ուղղակի տնտեսական վնասը հասել է 2,65 մլրդ յուանի (383 մլն դոլար):
Արտակարգ իրավիճակների նահանգային վարչության տվյալներով՝ հեղեղումները Ցզյանսիի նահանգում խախտել են ավելի քան 1,42 մլն մարդու բնականոն կյանքը: