12/06/2019 13:09
Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրվել է հարցաքննության
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նույնանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այսօր երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե հարցաքննության, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները։
Ծառուկյանը, ըստ մեր աղբյուրի, իրավապահ մարմին հրավիրվել է Աբովյանում ընտրություններից առաջ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։
Քննչական կոմիտե հարցաքննությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է օրերս խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նրա հայտարարություններով։ Նա, հիշեցնենք, մասնավորապես, հայտնել էր, որ կատարվածը «սարքած գործ է»։
«Եթե չբացահայտվի, ապա մեր իրավապահ մարմինները լիարժեք իրենց տեղում չեն։ Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն։ Հենց տրանք են «մուտիլովչիկները», որոնք այդպիսի քայլերի են գնում։ Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի», - ասել էր նա։
Քննչական մարմինները Ծառուկյանի հարցաքննությամբ փորձում են պարզել՝ ինչի հիման վրա է նման հայտարարություն արել ԲՀԿ նախագահը։