12/06/2019 11:17
Ամուլսարի վերաբերյալ եզրակացությունը հայտնի կդառնա հունիսի վերջին. Նախարար
Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2018 թվականի բյուջեի կատարողականի շարունակվող քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց Ամուլսարի ճակատագրից։
«Միջազգային կազմակերպությունը պետք է տար եզրակացություն։ Ի՞նչ վիճակում ենք, այդ եզրակացությունը կա՞, թե՞ չկա։ Եթե կա, ապա ի՞նչ է բխում հետո, որպեսզի մեր հանրությունն իմանա՝ Ամուլսարի ճակատագիրն ինչպիսին է լինելու», - հետաքրքրվեց Մելքումյանը։
Ի պատասխան Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատվիրված եզրակացությունն արդեն Քննչական կոմիտեն ստացել է։
«Քննչական կոմիտեն է պատվիրել եզրակացությունը հարուցված քրեական գործի շրջանակներում։ Եթե եզրակացությունը կլինի բացասական և կնշվի, որ վտանգները, որոնք առկա են այդ կազմակերպության գործունեության հետ, անհամատեղելի են, մասնավորապես, օրինակ, ջրային ռեսուրսների հետ, ապա կարծում եմ, ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն», - հայտարարեց Էրիկ Գրիգորյանը։
Նախարարի պատասխանը չբավարարեց Միքայել Մելքումյանին, և նա հետաքրքրվեց. «Այսինքն՝ Ամուլսարի հետ կապված եզրակացությունը կա, բայց չի հրապարակվում։ Կարո՞ղ է դա ձգձգվի մի վեց ամիս»։
Նախարարն արձագանքեց, որ հունիսի վերջին եզրակացությունը հայտնի կդառնա հանրությանը։
Մելքումյանը նորից հարցրեց. «Այսինքն սպասենք հունիսի վերջի՞ն», ինչին նախարարը դրական պատասխան տվեց։