12/06/2019 12:10
Ռոբերտ Քոչարյանն իր ֆրանսիացի պաշտպանի հետ ներկա է բողոքների քննությանը
Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին ընթացող բողոքների քննությանը ներկա է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա հետ միասին դատարան է ներկայացել նաև ֆրանսիացի իր պաշտպանը։
Նիստն ընթանում է դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ։
Մինչև նիստի մեկնարկը լրագրողների հարցերին ի պատասխան Քոչարյանն ասաց, որ կխոսի, բայց նիստից հետո։ Հետո պարզաբանեց՝ ինչ նկատի ուներ. «Ընդհանրապես, այս ամենից հետո»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ու տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան։
Մասնավորապես, դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանն իր վերաքննիչ բողոքում Վերաքննիչ քրեական դատարանից պահանջել է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը:
Նույն պահանջը Վերաքննիչ դատարանին ներկայացրել են նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանը և Վահե Գրիգորյանը: