12/06/2019 16:10
Դավիթ Փափազյանը պարզաբանել է, թե ինչ կարգավիճակով է ներկա գտնվել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը
Նախօրեին հրապարակած նյութերից մեկում «Եվրասիա դեյլի» պարբերականը գրել էր, որ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ներկա է եղել նաև «Բիզնես Արմենիա» ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը։ Հրապարակման հեղինակը նշել էր, որ նախապես Փափազյանի անունը ներառված չի եղել ՀՀ պատվիրակության կազմում, որը ՌԴ էր մեկնել Միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու համար:
Պարզելու, թե ինչպես է Դավիթ Փափազյանը հայկական պատվիրակության կազմում մեկնել ՌԴ, Aysor.am-ի թղթակիցը զրուցեց վերջինիս հետ։
Դավիթ Փափազյանը նախ ճշգրտեց, որ ինքը «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը չէ, ինչպես ներկայացված է «Եվրասիա դեյլի»-ի նյութում, այլ՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» գլխավոր տնօրենը։
Հարցին՝ ինչպե՞ս է ընդգրկվել հայկական պատվիրակության կազմում, մեր զրուցակիցն ասաց.
«Ոչ մի կախարդական բան չկար։ Մեր պատվիրակությունում էի, որովհետև պետք է հանդիպեի իմ վիզավիի՝ Կիրիլ Դմիտրիևի հետ, որը ռուսական մեր էկվիվալենտի՝ «Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի» գլխավոր տնօրենն է։ Վերջին 3-4 օրվա ընթացքում մենք համաձայնագիր էինք վերջնականացնում, որը ենթադրում է ընդհանուր աշխատանք Հայաստանից դուրս ներդրումների շրջանակների շուրջ։ Այսինքն՝ ենթադրվում է, որ մենք իրար հետ աշխատելու ենք՝ սկսած հուլիսի 6-ից, որ գտնենք ընդհանուր ներդրումային նախագծեր, որտեղ կլինեն ինվեստիցիոն գործընկերներ։ Դա կարող է լինի Հայաստանում, Ռուսաստանում և երրորդ երկրներում։
Իմ՝ պատվիրակության անդամ լինելը կապված էր դրա հետ, որովհետև այս հնարավորությունը, այսինքն՝ մեր հանդիպումը, իրենց իսկ առաջարկն է։ Երևի կարևոր է ընդգծել, որ ռուսական կողմի առաջարկով պետք է ստորագրվեր։ Այսինքն՝ մենք այդ փաստաթուղթը պատրաստել ենք մի քանի օր առաջ, և այդ օրն այդ փաստաթուղթը երկու կողմից ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում», - ասաց Դավիթ Փափազյանը։
Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է այնուամենայնիվ ինքը ներկա գտնվել ՌԴ նախագահի հետ հանդիպմանը։ Դավիթ Փափազյանը պատասխանեց.
«Կիրիլ Դմիտրիևը, որն իմ վիզավին է Ռուսաստանում, նախանշված հանդիպումից 2-3 օր առաջ առաջարկեց, որ մեր նորաստեղծ պետական ֆոնդը, որի տնօրենն եմ ես, և իրենք ստորագրեն համաձայնություն՝ միմյանց հետ աշխատելու մասին։ Ավելին՝ առաջարկեց, որ ես ներկա լինեմ այդ հանդիպմանը՝ մեր կողմից։ Ինքն ի սկզբանե պետք է ներկա լիներ այդ հանդիպմանը. դա ստանդարտ արարողակարգային պրոցես է։ Երկու պրոտոկոլների կողմից՝ ՀՀ և ՌԴ, ստանդարտ պրակտիկա է, որ երկու երկրների վիզավիները ներկա գտնվեն, երբ այդ մասշտաբի համաձայնություն է ստորագրվում։
Փաստաթուղթը ստորագրել ենք Սանկտ Պետերբուրգում։ Սա պրոտոկոլային հարց է։ Հատուկ ընդգծեմ, որ նախապատրաստությունների վերջին օրվա ընթացքում ստացել ենք մի քանի զանգ՝ իրենց կողմից, որ արարողակարգին հետևելու համար շատ կարևոր է, որ վիզավիները ներկա լինեն՝ ես՝ մեր կողմից, Դմիտրիևն՝ իրենց կողմից։ Այսինքն, իմ՝ վարչապետի հետ մեկնելը և այդ հանդիպմանը մասնակցելը կարևոր էր այդ տեսանկյունից, որ արարողակարգին հետևեինք», - նշեց մեր զրուցակիցը։
Դավիթ Փափազյանը միաժամանակ տեղեկացրեց, որ երկու ֆոնդերի միջև համաձայնագիրը կնքվել է Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ, ոչ թե դրա ընթացքում։
«Փաստաթուղթը բանակցվել է տարածության վրա, ստորագրվել է տեղում։ Իմ ներկայությունը՝ առանց այդ պայմանագրի արդեն ստորագրած լինելու, տեղին չէր։ Երբ փաստաթղթի շուրջ համաձայնության մասին հաստատում ուղարկեցինք, իրենց կողմից եկավ հրավեր-առաջարկ, որ ճիշտ կլինի՝ երկու վիզավիները ներկա լինեն Փաշինյան-Պուտին հանդիպմանը», - ասաց Դավիթ Փափազյանը։