12/06/2019 11:48
Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է արտասահմանում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան օրենսդրությանը համապատասխան, երեքշաբթի Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ծանուցել է «Իսլամական պետություն», «Ալ Քաիդա» և «Թալիբան» (բոլորն էլ Ռուսաստանում արգելված) խմբավորումների դեմ հակաահաբեկչական գործողությունների մասին, որոնք արտասահմանում իրականացնում են Միացյալ Նահանգների զինված ուժերը: Նամակի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Փաստաթղթում ասված է, որ ԱՄՆ-ի ստորաբաժանումները շարունակում են ԻՊ-ի, «Ալ Քաիդայի», «Թալիբանի» և նրանց հետ կապված խմբավորումների դեմ գործողություններն Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում, Եմենում, Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Սոմալիում, Քենիայում, Ջիբութիում և Նիգերում:
Բացի դրանից, Թրամփը Կոնգրեսի ղեկավարությանը ծանուցել է, որ ամերիկացի զինծառայողները խաղաղապահ ուժերի և զինվորական դիտորդների առաքելությունների կազմում են Եգիպտոսի Սինայի թերակղզում և Կոսովոյի սերբական երկրամասում, ահաբեկչության դեմ պայքարի գործում օգնում են Ֆիլիպինների կառավարությանը, նաև բանակված են Կուբայի Գուանտանամոյի ռազմածովային հենակայանում: