12/06/2019 19:32
Մուսա լեռան գագաթին վառվել է Համահայկական խաղերի ջահը (Լուսանկարներ)
Համահայկական խաղերի պատվիրակությունը Համահայկական խաղերի ջահը վառել է Մուսա լեռան վրա:
Համահայկական խաղերի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Մուսա լեռան ստորոտում՝ Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հագևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշյանի ձեռամբ նախ պատարագ է մատուցվել` Համահայկական խաղերի հաջող մեկնարկի ու ընթացքի համար:
Ապա եկեղեցու վառվող մոմերից Համահայկական խաղերի ջահը վառելու պատիվը վերապահվել է խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյանին:
ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝ այս արարողությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հավաքական միտքն ուղղված է լինելու հայրենիքի միասնության միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:
«Հենց այսօր, այս հողի վրա, որ մենք կանգնած ենք, կյանքը ցույց է տվել, որ այն ինչ կորցրել ենք, մենք կորցրել ենք պառակտվածության արդյունքում, և հիմա ճիշտ ճամանակն է, որպեսզի գոնե վերագտնենք մեզ և լինենք իսկապես պահանջատեր ու հասնենք գոնե կորստի մինիմալ վերականգնման գործընթացին», - նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Վառված կրակը Մուսա լեռան գագաթ հասցնելու յուրատեսակ հաղթարշավի բոլոր այլ մանրամասները կցուցադրվեն Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ: ՀԽՀԿ գործկոմի անդամ Պերճ Հալաջյանն ջահի վառման և տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ ասաց.
«Բախտ ունեցանք այսօր, այս սերնդի մարդիկ, որ տեսաք ջահի վառման ժամանակ, իրենք տերն են այս գործին և հայապահպանման այս պահին»:
Համահայկական խաղերի պատվիրակությունն այցելել է նաև պատմական Կիլիկիայի բերդեր` Լևոն Երկրորդ թագավորի բերդ և մայրաքաղաք Սիսի միջնաբերդ: