13/06/2019 12:45
Զենքերի գնման գործընթացը շարունակվում է, մենք ուզում ենք մեծացնել զենքերի տեսականին. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանը ունի զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ, որը շարունակվում է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտաարրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ որևէ պայմանավորվածություն եղել է զնեք-զինամթերքի գնման վերաբերյալ։
«Զենքի գնման գործընթացը բավականին բարդ գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում։ Մենք ուզում ենք շարունակել և մեծացնել տեսականին, հարստացնել զինանոցը ոչ փոքր մարտավարական նշանակություն ունեցող այլ տեսականիներով, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետը», -հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա հրաժարվեց գործընթացի մասին մանրամասներ հայտնել՝ նշելով, թե ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակվի։
«Ամեն ինչ վայրկենական չի լինում, մեր ցանկությունների ձևավորումն էլ վայրկենական չի եղել. Գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում, կառավարությունում լինում են քննարկումներ, որոնք պարտադիր չէ բոլորն իմանաք։ Որոշվում է տեսականին, գներ և այլն։ Դա միջպետական բավականին բարդ գործընթաց է», -ասաց խոսնակը։